Օմիկրոնի նոր BA.2 ենթատեսակ․ ի՞նչ գիտենք դրա մասին․ FIP.am

Հայաստանի Առողջապահության նախարարությունը օրերս հայտնեց երկրում կորոնավիրուսի Օմիկրոն շտամի նոր ենթատեսակի՝ BA.2-ի դեպքերի մասին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ այս ենթատեսակը համարվում է Օմիկրոնի ենթատեսակներից ամենավտանգավորը և ամենավարակիչը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ներկայացնել BA.2 ենթատեսակի՝ մինչ այժմ հայտնի առանձնահատկությունները։

Ի՞նչ է հայտնի

«COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը BA.2-ն է»,- փետրվարի  22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ԱՆ ներկայացուցիչները։ Մինչ օրս Հայաստանում արձանագրվել է Օմիկրոնի այս ենթատեսակի երկու դեպք, սակայն ըստ ԱՆ փորձագետների, դա չի նշանակում, թե երկրում միայն այդ երկու դեպքն է, «քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»։ 

Օմիկրոնի մյուս տեսակները BA.1 և BA.1.1-ն են։ Օմիկրոնի ամենատարածված ենթատեսակը մինչ օրս BA.1-ն է, սակայն դրա նոր՝ մուտացված տարբերակը ավելի արագ փոխանցվելու հատկություն ունի՝ շնորհիվ գենետիկ որոշ փոփոխությունների, որոնք, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, դեռևս ուսումնասիրության փուլում են։ 

Գրանցված առանձնահատկություններից մեկն այն է, որ BA.1 ենթատեսակով վարակվելուց հետո մարդիկ կարող են վարակվել նաև BA․2 ենթատեսակով։ Միաժամանակ, սակայն, առկա տվյալները ցույց են տալիս, որ առաջին ենթատեսակով վարակվելու դեպքում առաջացող հակամարմինները կարող են որոշ ժամանակ պահպանվել մյուս ենթատեսակների դեպքում։ 

Ենթատեսակն առաջին անգամ գրանցվել է նախորդ տարվա նոյեմբերի վերջին՝ Ֆիլիպիններում։ Այս ենթատեսակը ներկայումս ամենից շատ տարածված է  Դանիայում, Ֆիլիպիններում և Հնդկաստանում։ 

Օմիկրոնի ենթատեսակների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք կարող են «խուսափել» պատվաստանյութերի առաջացրած հակամարմիններից։ Սակայն ըստ նախնական տվյալների, երրորդ՝ խթանիչ դեղաչափերը կարող են պաշտպանել նոր տարածվող ենթատեսակներից։ 

Միաժամանակ, սպասվում է, որ նոր ենթատեսակի դեպքերի թվի աճին զուգահեռ հոսպիտալացման կարիք ունեցողների և գրանցվող մահվան դեպքերի թիվը զգալիորեն չի աճի։ Նման առաջին հետազոտությունն իրականացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ նոր գրանցվող դեպքերի թվում BA.2 ենթատեսակը 27 տոկոսից հասել է մինչև 86 տոկոսի։ Կորոնավիրուսով վարակված ավելի քան 95 հազար մարդկանց շրջանում Օմիկրոնի երկու ենթատեսակներով վարկված անձանց հոսպիտալացման դեպքերը գրեթե հավասար են եղել՝ 3․6 տոկոս BA.2 ենթատեսակի դեպքում, 3․4 տոկոս՝ BA.1-ի։ 

Ախտանշանները

Թեպետ BA.2 ենթատեսակը դեռևս ուսումնասիրության փուլում է, սակայն դրա ախտանշաններից որոշները արդեն հստակ են։ 

Այսպես, Օմիկրոնի այս ենթատեսակով վարակվածները, որպես կանոն, ունենում են մկանային և ամբողջ մարմնի ցավեր, թուլություն և ջերմություն։ Ի տարբերություն BA.1 ենթատեսակի և կորոնավիրուսի Դելտա շտամի, նոր տեսակով վարակվելու դեպքում հաճախ է նկատվում նաև համի զգացողության կորուստ։ Մյուս ախտանշանները նման են Օմիկրոնի հիմնական ախտանշաններին։

Այս թեմային «Փաստերի ստուգման հարթակի» անդրադարձը կարող եք գտնել այստեղ։

Օմիկրոնի նոր և առավել վտանգավոր տեսակի դեպքում ևս բուժման ընթացակարգը նույնն է, ինչ մյուս շտամների դեպքում։ Խորհուրդ է տրվում պատվաստման և ախտանշանների դեպքում թեստավորվելուն զուգահեռ օգտագործել վիտամիններ և վիտամիններով հարուստ սնունդ։

Փաստերի ստուգման հարթակ