«Սումգայիթի» անպատժվածությունը հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում․ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը․

«34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում, իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ:

Փետրվարի 28-ը հռչակելով Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր՝ մենք նաև ուղերձ ենք հղել մարդկությանը՝ քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով:

Յուրաքանչյուր չպատժված դեպք, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն, նշանակում է ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի ցեղասպանություն…

«Սումգայիթի» անպատժվածությունը հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով…

Խոնարհումս ադրբեջանական բռնություններին զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին:

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան»։