Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը հետաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, այսօր շարունակել է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն ներկայացրեց իր առարկությունները, ինչին ի պատասխան պաշտպանական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը․ հայցադիմումի հիմքը նույնն է։ Ալումյանը կրկին անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ այս գործը ձեռքով է մակագրվել Սերգեյ Սահակյանին։

«Գործի բաշխումը տեղի է ունեցել կամայականորեն, անհասկանալի չափանիշների հիման վրա։ Այս կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան, իսկ դատավարությունն ինքը կասկածի տակ է դրվում», – նշեց պաշտպանը։ Ի պատասխան դատավորը նշեց, որ բացարկ հայտնելու վերաբերյալ դատարանն արդեն իր դիրքորոշումը հայտնել է։ Անցնելով առաջ՝ Ալումյանը նշեց, որ այս գործում որևէ վիճելի փաստ չկա, ներկայացվածին պետք է տրվի իրավական գնահատական։

Սակայն Փաշինյանի նարկայացուցիչը պնդեց, որ ներկայացված փաստերը ենթակա են ապացուցման։ Դատարանը նույնպես վիճելի համարեց այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թ․ մարտի 1-ին Երևան Հայաստանի Հանրապետության հրապարակում իր ելույթով խախտել է Ռոբերտ Քոչարյանի՝ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։

Զրպարտության մասով վիճելի է այն փաստը, որ Փաշինյանը այդ նույն ելույթում Քոչարյանի վերաբերյալ ներկայացրել է փաստացի տվյալներ՝ կոնկրետ, ոչ վերացական տեղեկություններ։ Դատարանը որոշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Փաշինյանը ներկայացրել է փաստացի տվյալներ, որ դրանք ներկայացվել են հրապարակային եղանակով և իրականում արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։

Ալումյանն արձագանքեց, որ դատարանը ցուցաբերում է ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ փաստը չտարբերելով փաստի իրավական գնահատականից և հայցվորի վրա փաստերն ապացուցելու պարտականություն է դնում։

Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով հայցվոր կողմին ապացույցներ ներկայացնել։ Նախնական դատական նիստը նշանակվեց ս․ թ․ ապրիլի 13-ին, ժամը 11-ին»։