«Մեր առաջնային նպատակն է քրեականացման միջոցով դիմադրել ատելության խոսքի այս ծայրահեղ դրսևորումներին». Մարիա Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը

– Նախօրեին Ազգային ժողովում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ձևավորվեց աշխատանքային խումբ: Հնարավո՞ր է արդյոք, որ այս գործընթացի արդյունքում ի հայտ գա նախագիծ, որը որևէ կերպ վտանգի խոսքի ազատությունը։

– Բացառվում է, որ այս աշխատանքային խումբն իր առջև դրած լինի այդպիսի նպատակ։ Նախ ըստ սահմանման՝ խոսքի ազատության իրավունքը չի ներառում այլոց նկատմամբ ատելություն հրահրելու բաղադրիչ։ Այսինքն՝ այդպիսի ազատություն չի տրվել մարդկանց, որ հիմա էլ այդ ազատությունը սահմանափակվի։ Ամեն դեպքում մենք շատ ուշադիր կլինենք այս հարցում, որովհետև, իհարկե, կան նրբություններ, որոնք խոսքի ազատության հետ առնչվում են։

Օրինակ՝ մեդիա հարթակը կարող է տարածել անանուն կամ ծածկանունով գրված նյութ, որում տեղ է գտել ատելության խոսք։ Մի կողմից հեղինակն իրավունք ունի անանուն մնալու, մյուս կողմից՝ ատելություն հրահրելու իրավունք չունի։ Անձամբ դեմ կլինեի, որ օրենքը պարտադրեր մեդիա հարթակին բացահայտել ատելության խոսքի հեղինակի իրական ինքնությունը։

Ոչ թե այն պատճառով, որ դա կմոտենա խոսքի ազատությունը սահմանափակելուն, այլ ավելի շատ այն պատճառով, որ ատելության խոսքը առավելապես վտանգավոր է, երբ ասվում է բացահայտ և ճանաչված անձի կողմից՝ օգտվելով հանրության մոտ այդ անձի ունեցած հնարավոր հեղինակությունից։

Մեր առաջնային նպատակն է քրեականացման միջոցով դիմադրել ատելության խոսքի այս ծայրահեղ դրսևորումներին։ Իսկ անանուն տարածված ատելության խոսքը կարող է դառնալ այլ մեխանիզմների, օրինակ՝ մեդիա հարթակների ինքնակարգավորման մարմինների խնդիր։ 

Աշխատանքային խմբում մենք այս ամենը քննարկման առարկա կդարձնենք։ Հիմնարար սկզբունքը մնում է այն, որ ազատ խոսքի իրավունքը չի ենթադրում իր մեջ այլոց նկատմամբ բռնություն կամ թշնամանք հրահրելու իրավունք։

– Ինչո՞ւ հիմա անհրաժեշտություն առաջացավ այդպիսի աշխատանքային խումբ ձևավորելու։ Հեղափոխության ողջ ընթացքում, նաև դրանից հետո անընդհատ խոսվել է այն մասին, որ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և բռնությունը բացառվել է։ Մյուս կողմից՝ ատելության չափաբաժինը գնալով ավելանում է։ Ինչո՞ւ է այդ չափաբաժինը մեծանում։

– Ես չեմ կարծում, թե ատելության խոսքի չափաբաժինը գնալով մեծանում է։ Պարզապես մենք բոլորս դառնում ենք ավելի զգայուն ատելության խոսքի նկատմամբ, ավելի հաճախ ենք նկատում այն։ Նաև պետք է հաշվի առնել, որ մենք տասնամյակներ շարունակ կիսաավտորիտար ռեժիմի օրոք ենք ապրել, որտեղ հանրության տարբեր մասեր օտարվել էին միմյանցից՝ տածելով անվստահություն և վախեր միմյանց նկատմամբ։

Մյուս կողմից՝ մարդկանց մեջ կուտակվել էր միանշանակ արդարացված զայրույթ, օրինակ՝ օլիգարխների նկատմամբ։ Ի սկզբանե թավշյա հեղափոխության փիլիսոփայությունը՝ ոչ բռնի պայքարի մեթոդը և սիրո ու համերաշխության ոգին, ներծծում էր այդ բարկության մի որոշ մաս։ Հեղափոխությունից հետո մենք այդ բարկությունը վերաձևակերպեցինք որպես անցյալի կրկնությունը թույլ չտվող ռեֆորմների պահանջ և ծրագիր։

Թե՛ սիրո և համերաշխության հեղափոխության փիլիսոփայությունը, թե՛ մեր նախընտրական ծրագիրը ենթադրում են բռնությունից զերծ հանրության կառուցում։ 

Ամռանը կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը կրկին խոսեց ատելության խոսքի կամ բռնության դեմ պայքարի ինստիտուցիոնալացման մասին։ 

Այդ ժամանակ գլխավոր դատախազն ասաց, որ նախորդ կառավարության ժամանակ իր կառույցը ներկայացրել էր բռնության կոչերը քրեականացնելու օրենսդրական փոփոխության նախագիծ, սակայն նախորդ կառավարությունը փոփոխությունը նեղացրել և ընդունել էր միայն ահաբեկչության կոչերի քրեականացումը։ 

Այդ ժամանակ վարչապետը կրկին ձևակերպեց ատելության և բռնության հրահրման դեմ օրենսդրական մեխանիզմների կատարելագործման պահանջը՝ ժողովրդավարության, օրինականության և մարդու իրավունքների ամենաբարձր չափանիշների համաձայն։

Ատելության խոսքի դեմ պայքարը նաև համաշխարհային միտում է։ Տարբեր երկրներ քննարկում են, թե արդյոք պե՞տք է քրեական կամ այլ պատժամիջոց նախատեսել ատելության խոսքի համար։ 

Երկրներ կան, որոնք վարանում են, բայց այդ երկրների մի մասը հանրային խոսքի շատ ավելի հղկված մշակույթ կամ ինքնակարգավորման մեխանիզմներ ունի։ 

Օրինակ՝ դասախոսական, լրագրողական կամ այլ մասնագիտական միությունները անհապաղ անդրադառնում են իրենց անդամների հնչեցրած ատելության խոսքին և զսպում դրա կրկնությունը։

– Կոնկրետ օրինակներ կարո՞ղ եք ասել, որում դուք ակնհայտ տեսել եք, որ սա հստակ ատելության խոսք է, որ ուղղորդվում է որոշակի խմբերի կամ նախորդ իշխանությունների կողմից։ Վերջին 1,5 տարում ո՞ր դեպքերն են, որ հստակ ատելության խոսք են պարունակել։

– Ես կխուսափեմ ատելության խոսքը այստեղ վերարտադրելուց։ Սակայն մի թարմ օրինակ հիշում եմ, որը լավ հանգուցալուծվեց։ Մոտ 2-3 շաբաթ առաջ համալսարանական դասախոսներից մեկը դիտարկում էր արել եզդի ժողովրդի մասին, որով նսեմացնում էր այդ ժողովրդի արժանապատվությունը։

Պատգամավորներից ոմանք քննադատեցին այդ խոսքը, և դասախոսը հանրայնորեն ներողություն խնդրեց։ Շատ կարևոր է գիտակցել, որ միայն քրեականացումը չի բերի ցանկալի արդյունքի. մենք բոլորս, հատկապես հանրային պաշտոնյաները պետք է պարսավանքի ենթարկենք ատելության խոսքը և դրան հակակշռող խոսք ասենք՝ հիմնված մարդու իրավունքների և հանրահռչակված արժեքների վրա։

– Կան խմբեր, որոնք թիրախավորում են այս կամ այն կազմակերպության ղեկավարին, անգամ պատգամավորների խումբ կա, որ այս 1,5 տարվա ընթացքում պիտակավորվել է որպես «սորոսական»։ Սա խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ։ 

– Խնդիրը կա, և դրա մասին մենք պետք է խոսենք։ Սակայն ես կարծում եմ, որ պատգամավորները ամենավերջին խումբն են, որին պետք է պաշտպանել ատելության խոսքից՝ ատելության խոսքի հեղինակների քրեական հետապնդման միջոցով։ 

Ատելության խոսքի քրեական պատժի արժանանալու նախապայմաններից մեկը նման խոսքի՝ իրական բռնության հանգեցնելու ռիսկն է։ Այսինքն՝ եթե որևէ պատգամավոր որոշի, որ իր նկատմամբ օգտագործված ատելության խոսքը պետք է քրեական սանկցիայի ենթարկվի, նա պետք է կարողանա նաև ապացուցել այդ խոսքի և իր նկատմամբ բռնության հնարավոր գործադրման պատճառահետևանքային կապը։ 

Քրեականացնել կարելի է այն ատելության խոսքը, որն ուղղակի հրահրում է կամ ողջամտորեն կարող է հրահրել բռնություն։ Այսինքն՝ պատգամավորը պետք է ապացուցի այդ խոսքից իր խոցելիությունը։

Հանրային պաշտոնյաների դեպքում դինամիկան լրիվ հակառակն է. մենք պետք է մտածենք, թե ինչ հավելյալ մեխանիզմներ են հարկավոր, որ հանրային պաշտոնյաների խոսքը զերծ լինի ատելություն հրահրելուց։ 

Օրինակ՝ պատգամավորը իր խոսքի համար ունի այնպիսի երաշխիքներ, որոնք ոչ մի ուրիշ քաղաքացի չունի. պատգամավորը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել իր արտահայտած կարծիքի համար։ 

Եթե նույնիսկ այդ խոսքը ատելության խոսք ներառի, առանց երկար ընթացակարգերի և Ազգային ժողովում անձեռնմխելիությունից զրկելու նրան քրեական պատասխանատվության ենթարկել հնարավոր չի լինի։ Այս խնդիրը լուծելու համար պետք է աշխատենք Ազգային ժողովում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ։

Մանե Հարությունյան

MediaLab.am