Խորհրդարանը մարտի 2-ի նիստում քննարկում է Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Հարցուպատասխանի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ պարզաբանումներ ներկայացրել:
Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենադարձման հարցում Հանրապետության նախագահի դերին վերաբերող հարցադրմանն անդրադառնալով` Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը ներկայացուցչական մարմին է եւ պարտավոր է այս հարցում հնարավորություններն օգտագործել: Այս համատեքստում թեկնածուն առանձնակի կարեւորել է պետական ինստիտուտների համատեղ աշխատանքն ու համակարգված գործողությունները:
«Արդյո՞ք Վահագն Խաչատուրյանը ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահն է». այս հարցին ի պատասխան` թեկնածուն վստահեցրել է, որ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պարտավոր է լինել ՀՀ բոլոր քաղաքացիների նախագահը եւ հավելել. «Միգուցե իմ թեկնածությունն ընտրել եք` այդ հանգամանքը հաշվի առնելով»:
Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ Հանրապետության նախագահը պետք է ներդաշնակ աշխատի պետական իշխանության տարբեր թեւերի, նաեւ` ոչ իշխանական ուժերի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, Սփյուռքը ներկայացնող կազմակերպությունների հետ:
«Կարծում եմ` Հանրապետության նախագահի` Սահմանադրության շրջանակում լիազորությունները բավարար են, որ նա լիարժեք հանդես գա որպես իշխանության գլուխ»,- փաստել է թեկնածուն:
Անդրադարձ է եղել երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացումներին:
«Մեր երկրի համար առաջնային է անվտանգության հարցը: Մենք տնտեսական, սոցիալական ձեռքբերումներ կունենանք, երբ մեր անվտանգային համակարգերը պաշտպանված լինեն»,- ասել է Հանրապետության նախագահի թեկնածուն` կարեւորելով անվտանգ տարածաշրջան ունենալը:
Նշվել է, որ տնտեսության զարգացման լավագույն խթան են կոռուպցիայի նվազումը, մրցակցության ավելացումը եւ այլընտրանքների մեծացումը: Ըստ նրա` բարձր տեխնոլոգիական տնտեսությանն այլընտրանք չկա: Խոսելով տնտեսության զարգացման այլընտրանքային ուղիների մասին` բանախոսն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության ընդլայնումն ու ճանապարհների բացումը:
Ընդդիմությանը կառուցողական դաշտ բերելու հնարավորություններին առնչվող հարցին ի պատասխան` Վահագն Խաչատուրյանը կարծիք է հայտնել, որ հասարակության որոշակի խավ ձայն է տվել ընդդիմությանը, եւ վերջինս այդ պատասխանատվությունը գիտակցում է: Ըստ բանախոսի` այդ պատասխանատվությունն իրականացնելու համար ընդդիմությունը կարիք ունի համագործակցության: Նա նշել է, որ կան լուծման կարիք ունեցող համընդհանուր խնդիրներ:
Թեկնածուն մանրամասնել է նաեւ խաղաղության օրակարգի առաջմղման հարցում իր տեսակետը` նշելով, որ Հայաստանի զարգացումն այլ կերպ չի պատկերացնում: «Մենք պետք է հասկանանք, որ այս տարածաշրջանը պետք է դառնա համագործակցության հարթակ»,- ասել է նա եւ կարեւորել տարածաշրջանի` հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը:
Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։