#Intercheck. Մակրոնի ֆոտոսեսիան Պուտինի հետ կապ չունի, իսկ վրացիները ստուգում են Փաշինյանի մասին ադրբեջանցիների գրածը. FIP.am

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Ղազախստանում գործող factcheck.kz փաստերի ստուգման կայքը ստուգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ ՌԴ նախագահն իբրև թե հայտնում է Ուկրաինայի հետ բանակցություններում հաջողությունների մասին. «Մենք հասել ենք խաղաղության Ուկրաինայի հետ: Ուկրաինայի հետ՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ Լուգանսկը և Դոնեցկը»: Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութը «դիփֆեյք» է և Պուտինը նման բան չի ասել: Դիփֆեյքը աուդիո և վիդեո նյութեր են, որոնք ստեղծվում են արհեստական բանականության միջոցով իրական, արդեն գոյություն ունեցող նյութերի հիման վրա:

Deepware-ի տեխնոլոգիան ցույց էր տվել, որ 5 արհեստական ​​ինտելեկտներից 4-ը տեսանյութում հայտնաբերել են «դիփֆեյք» տեխնոլոգիաների նշաններ։ Սակայն անզեն աչքով ևս երևում է, որ Պուտինի դիմախաղը չի համընկնում խոսքի հետ:

Վրացական factcheck.ge-ն ստուգել էր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի տարածած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ունեցած ելույթի սխալ թարգմանությունը: 

Մարտի 2-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը պատասխանել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորի այն մեկնաբանությանը, թե «Փաշինյանը հանձնել է Արցախի 75 տոկոսը Ադրբեջանին»։ Փաշինյանը պահանջել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից հրապարակավ հայտարարել իրենց դիրքորոշումը Արցախի՝ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տեղանունների վերաբերյալ․ «Վերջապես Սանասար է, թե՞ Կուբաթլի․․․ եթե ​​Սանասար է և ոչ Կուբաթլի, ապա 20 տարի ինչու՞ են ձեր ղեկավարները քննարկել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը»,- ասել է Փաշինյանը։ 

Ադրբեջանցիները տարածել էին այս խոսքը՝ պնդելով, որ նա ասել է «ոչ թե Սանասար է, այլ Կուբաթլի»՝ տպավորություն ստեղծելով, որ Փաշինյանը այդ տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Վրաստանցի փաստեր ստուգողները փաստել են, որ ադրբեջանցի օգտատերերի գրառումները մանիպուլյատիվ են: 

Ադրբեջանական Fakt Yoxla կայքի փաստեր ստուգողները ստուգել էին մի լուսանկար, որն իբր ցույց էր տալիս, թե ուկրաինացի ազգայնականները բերման են ենթարկում Իրպեն քաղաքը լքել փորձող փախստականներին: Սակայն նկարը ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, որ այդ քաղաքացիները բերման են ենթարկվում: Ըստ Associated Press (AP) գործակալության՝ նկարում պատկերված է, թե ինչպես են ավերված կամուրջի մոտ հավաքված քաղաքացիները փորձում լքել քաղաքը, իսկ զինվորականները փորձում են օգնել նրանց:

Միջազգային 

Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերում մեծ տարածում ստացած պնդումը, թե Pornhub կայքը Ռուսաստանում արգելափակվել է: Կայքի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղեկությունն ամբողջովին կեղծ է և որևէ տեղ կայքը չի արգելափակվել: 

Բրիտանական Reuters-ը ստուգել է սոցիալական ցանցերում լայնորեն տարածված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկարները, որոնք իբրև թե արվել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 8-ին ունեցած հեռախոսազրույցից հետո: 

Սակայն իրականում նկարները հին են, հրապարակվել էին փետրվարին, ընդ որում՝ տարբեր օրերի ընթացքում: Ավելին՝ մարտի 8-ին երկու նախագահները հեռախոսազրույց չեն ունեցել: 

Փաստերի ստուգման հարթակ