Հնագետներն Արտանիշում պեղել են մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող մանկական կմախքներ

Արտանիշում նախորդ տարվա պեղաշրջանում հայտնաբերվել ու վերականգնվում են մարդաբանական նյութեր.  մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող գտածոների թվում կան նաև մանկական կմախքներ։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից  3-ը՝ մանկական։

2019 թ․ հուլիսին  Արտանիշում իրականացված պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութերը պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում: ՊՈԱԿ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրին, ոչ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության, նաև ՀՀ  ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտների համատեղ արշավախմբի կազմում (համաղեկավարներ՝ պ․գ․ թ․ Արսեն Բոբոխյան և ե․գ․թ․  Արշավիր Հովհաննիսյան) ընդգրկված է եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաշվառման ու պահպանման բաժնի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Հնագիտական արշավախումբը նախորդ տարի պեղել է երկու դամբարան, մեկը՝ անհատական, մյուսը՝ խմբային թաղումներով։ Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքով, հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք են հայտնաբերել։ Մասնագետն ասում է, որ գանգերից մեկը վերականգնվել է շուրջ 30 բեկորից։ 

Աշխատանքների ավարտին և հնագետների հետ նեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կունենան ավելի հստակ պատկերացում դամբարանի պեղված հատվածի մասին։ Մասնավորապես՝ սեռատարիքային պատկերը, ինչ թաղման ծեսի մասին է խոսքը և այլն։ Հնագիտական արշավախումբն այս տարի էլ պեղումներ կիրականացնի Արտանիշում։