Պուտինը համաձայնել է Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է իր հրամանով սանձազերծված Ուկրաինայի դեմ պատերազմին օտարերկրյա վարձկանների ներգրավելու առաջարկին։

«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, պետք է ընդառաջեք նրանց և օգնեք տեղափոխվել պատերազմական գոտի»,- ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Պուտինը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վարձկանների ներգրավումն առաջարկել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ում խոսքով՝ Ռուսաստանը հսկայական թվով դիմումներ է ստանում «տարբեր երկրներից ժամանած կամավորներից», որոնք ցանկանում են պատերազմել ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների կողմից։ Նրա խոսքով՝ արդեն ավելի քան 16 հազար մարդ Մերձավոր Արևելքից ցանկություն է հայտնել մասնակցել ռազմական գործողություններին։

Ռուսաստանի ՊՆ-ին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքը Telegram-ի ալիքում տեղադրել է Ուկրաինայի դեմ կռվելու պատրաստ սիրիացիների կադրեր։ Նրա խոսքով՝ «ինչպես սիրիական արաբական բանակի վետերանները, այնպես էլ քրիստոնյա աշխարհազորայինները, և նախկին ընդդիմության մարտիկները» ցանկանում են պատերազմ գնալ։