Ադրբեջանի նման պահվածքն ավելի է ամրապնդում Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ի միջազգային դատարանում. Վլադիմիր Վարդանյան

Մարտի 24-ի խորհրդարանական ճեպազրույցին մասնակցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Արման Եղոյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Ճեպազրույցն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով:

Լրագրողի հարցին` ինչո՞ւ ՀՀ-ն չի մասնակցում Արցախի անվտանգային խնդիրների չեզոքացմանը, Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան նշել է, որ այս բոլոր օրերի ընթացքում թե’ ՀՀ կառավարությունը, թե’ խորհրդարանական դիվանագիտությունը, թե’ համապատասխան կառույցները բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գործընկերներին տվյալ իրավիճակի մասին տեղյակ պահելու եւ խնդիրը հնարավորինս արագ լուծելու վերաբերյալ:

Նա հիշեցրել է, որ հարցին Կառավարության նիստում անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման վերաբերմունքը, եւ որ Ադրբեջանի նման «արկածախնդրությունը» ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն:

«Մենք սրա մասին խոսել էինք ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում եւ հետո, որ Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, Արցախում խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է: Եվ այն վարվելակերպը եւ գործիքակազմը, որն այսօր օգտագործում է Ադրբեջանը, ըստ էության,  ավելի է ամրապնդում մեր դիրքերը, մասնավորապես` ՄԱԿ-ի միջազգային դատարանում` կապված Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների հետ: Այս ամենը, ըստ էության, առավել հիմնավոր, տեսանելի է դարձնում, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:

Հարցին` արդյոք հայկական կողմը չի հատի, այսպես կոչված, կարմիր գծերը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշել է, որ երբ խոսվում է կարմիր գծերից, պետք է հիշել` երբ մի անգամ գծեցիր կարմիր գծեր, հետագայում այդ կարմիր գծերից այն կողմ առավել բարենպաստ պայմաններ չես ստանալու:

«Դիվանագիտությունը բանակցելու արվեստ է, այն սիրում է որոշակի առումով կոնֆիդենցիալություն, դիվանագիտությունն արվեստ է` խուսափելու բոլոր տեսակի էսկալացիաներից: Եթե դուք փորձելու եք դիվանագետից կորզել հստակ գծեր, դուք կսահամանափակեք նրա հնարավորությունները` գործել ապագայում»,- ասել է պատգամավորը:

Անդրադառնալով 1991-1992թթ.` նա նշել է, որ եթե այդ ժամանակ այդ կարմիր գծերի հարցում հայկական կողմն ունենար ավելի ճկուն դիրքորոշում, այլ ոչ թե` հստակ հայտարարություններ, գուցե այսօր ՀՀ դիվանագիտությունը շատ ավելի բարվոք վիճակում հայտնվեր:

«Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ՀՀ կարմիր գծերը Արցախի կարգավորման հարցով  2018թ.  հետո չեն փոխվել, բանակցային գործընթացում արտահայտված կարմիր գծերը 2018թ. հետո որեւէ փոփոխության չեն ենթարկվել»,- շեշտել է Արման Եղոյանը: