«Հպարտ ենք ձեզնով». Վահրամ Դումանյանն ընդունել է գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և մեդալակիր մարզիկները:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է մեդալակիրներին տպավորիչ արդյունքների համար. «Նախադեպը չունեցող արդյունք եք գրանցել, ինչի առթիվ շնորհավորում եմ ձեզ: Կարծում եմ՝ ձեր սպորտաձևում շատ կարևոր է համադրել սառնասրտությունն ու կենտրոնացումը: Ձեր հայացքներում ես տեսա այդ ամենը: Հպարտանում ենք ձեզնով: Աստված տա՝ այդ կրակոցները միայն սպորտային նպատակներով հնչեն»:
Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ ցանկացած արդյունք ու մեդալ համարժեք ուշադրության են արժանանում պետության կողմից. «Եթե կա արդյունք, ապա այն չի կարող աննկատ մնալ պետության կողմից, և պետության վերաբերմունքն էլ չի կարող մնալ նույնը, ինչ նախորդ տարի էր: Աջակցությունը միանշանակ կավելանա: Մենք շատ հպարտ ենք ձեր արդյունքներով, բայց միայն հպարտ լինելը քիչ է: Մենք էլ մեր կողմից պետք է շոշափելի քայլեր անենք, և հավատացա՛ծ եղեք՝ այդպես էլ կլինի»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ֆինանսավորումը կավելանա, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել. «Բյուջեով հաշվարկել ենք և մյուս տարի գումար ենք հատկացնելու, որպեսզի հրաձիգները կարողանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցել: Խոստանում են՝ կարող են նաև վարկանիշ ձեռք բերել, մենք էլ կապահովենք այդ մրցաշարերին մասնակցությունը»:
Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր դարձած Լիլիթ Մկրտչյանը խոստովանում է՝ դեռևս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ հաջողություն են գրանցել կարևոր ստուգատեսում.
«Իրականում սպասելիքներս հենց այսպիսինն էին: Սպասում էի, որ ոսկե մեդալ կնվաճեմ, թեև կրկնակի ոսկու ակնկալիք չունեի: Երբ առաջին անգամ կանգնեցի պատվո հարթակի առաջին աստիճանին, հասկացա, որ կարող եմ այն կրկնել: Ճիշտն ասած՝ դեռ չենք գիտակցում, թե ինչ ենք արել: Փորձում ենք մեր արած աշխատանքի արդյունքները քաղել»,- ասում է Լիլիթ Մկրտչյանն ու խոստովանում՝ իրենց հաճելիորեն զարմացրել է ԵԱ-ում թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցնելու փաստը:
«Բոլորս ապշել էինք: Մեր ավագ մարզիչը վերջին օրը եկավ ու ասաց, որ թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն ենք զբաղեցրել, շնորհավորեց մեզ պատմություն կերտելու կապակցությամբ: Դժվարանում էինք հավատալ: Շատ ուրախ ենք: Առավել հաճելի էր, երբ եզրափակչում քո երկրի ներկայացուցչի հետ էիր պայքարում»,- հավելում է Լիլիթ Մկրտչյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքներն ավելին էին, քան իրենք կսպասեին. «Գիտեի՝ բարձր ցուցանիշներ ցույց տվող երեխաներ ունեինք, ու մեդալների ակնկալիքներ կային, բայց ոչ այսքան: Փառք Աստծո, ավելի լավ արդյունքներ ունեցանք: Եվրոպայի ուժեղագույն երկրների պայքարում էլ թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրինք: Շատ հաճելի ու զարմանալի էր»:
Գյումրիի՝ հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի երիտասարդ սաները՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Արուսյակ Գրիգորյանը ևս մեդալակիրների թվում են: Նախարար Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է Գյումրիում հրաձգության մարզադպրոցի պայմաններից: Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է՝ նոր կառուցվող մարզադպրոցի, որը կրելու է Արթուր Ալեքսանյանի անունը, տարածքում նախատեսում են հրաձգության՝ ամբողջովին նոր գույքով հագեցած մարզադպրոց ունենալ:
Հիշեցնենք՝ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը՝ խոցելով 561 միավոր: 557 միավորով արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը:
Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները ևս երկու ոսկե մեդալ են նվաճել: Չեմպիոն են դարձել Գոռ Խաչատրյանը (571 միավոր) և Գոհար Հարությունյանը (556 միավոր):
Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև խառը վազք, 20+20 կրակոց մրցաձևում: Մեծահասակների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Լիլիթ Մկրտչյանը (373 միավոր), իսկ արծաթե մեդալը նվաճել է Արուսյակ Գրիգորյանը (370 միավոր):
Երիտասարդների պայքարում Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը դարձյալ ոսկե մեդալներ են նվաճել: Նրանք առաջին տեղն են զբաղեցրել նաև թիմային միքս, 20+20 կրակոց մրցաձևում, իսկ երկրորդ տեղը գրավել են Հովհաննես Մարգարյանն ու Լիլիթ Մկրտչյանը: