«Մարդկանց գլխում շատ բան է պետք փոխել, ոչ միայն աղքատությունը». Հրանտ Վարդանյան

«Մարդկանց գլխում շատ բան է պետք փոխել, ոչ միայն աղքատությունը». Հրանտ Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

– Պարո՛ն Վարդանյան, հաստատվեց Կառավարության ծրագիրը, վարչապետը խոսեց այն մասին, որ մարդիկ պետք է աշխատեն: Ըստ ձեզ՝ այս ծրագրով ի՞նչ հնարավորություններ են ստեղծված մարդկանց համար:

– Ծրագրին ծանոթ չեմ, մանրամասն չեմ կարդացել: Հետո, ես ինչքան հասկանում եմ, այդ ծրագիրը դեռ հում վիճակում է: Մոտավորապես ինչ-որ ծրագրեր են նախանշված, նպատակներ, որպեսզի շարժվեն առաջ, որովհետև ցանկացած պետական ծրագիր նյութական հիմքեր պետք է ունենա, իսկ այսօր ներդրումները դեռ անորոշության մեջ են: Բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, լավ է լինելու:

– Վարչապետը խոսեց այն մասին, որ մարդկանց գլխում մտածելակերպը պետք է փոխել, որ աղքատությունը հաղթահարվի:

– Մարդկանց գլխում շատ բան է պետք փոխել, ոչ միայն աղքատությունը: Մարդկանց գլուխ այնքան բան է լցվում այսօր, ինֆորմացիոն դաշտն այնքան աղավաղված է, մարդկանց գլուխներն էլ այդ ավելորդ ինֆորմացիայով են լցված, որ սկսում են կասկածել սեփական ուժերին, իսկ դա հատուկ է արվում, որպեսզի շեղեն գլխավորից: Աղավաղումների մեծամասնությունը, կարծում եմ, օտարի շահերից է բխում, որի համար վարձկաններ են աշխատում: Այն, ինչ այսօր կատարվում է, ես այսպես կկոչեմ՝ մենք այսօր մաքրման ժամանակաշրջան ենք ապրում: Եվ մաքրման գործընթացը պետք է կատարվի և՛ ուղեղներում, և՛ հոգիներում:

– Դուք ասել էիք՝ երկիրը հիվանդ է, անոթները փակ են:

– Դա, իհարկե, փոխաբերական իմաստով է ասված: Ուզում եմ ասել՝ հիվանդ օրգանները շատ են: Հիմա, փառք Աստծո, ինչ-որ հույս ունենք, որ այդ հիվանդություններից դուրս կգանք, բայց խանգարողներն են շատանում, իսկ օգնողները անգործության են մատնված մի պարզ պատճառով՝ երկիրը ոտքի հանելու համար դեռ մեծ գումարներ չկան: Բամբասկոտությունը, մաղձը խանգարում են, ո՞նց կարող է հիվանդն այդ պայմաններում բուժվել: Այսինքն՝ մենք անընդհատ կարծես մեր ցանկություններին դեմ ենք գնում: Մենք ուզում ենք լավ ապրել, լավ երկիր ունենալ, բայց անընդհատ աղբ ենք լցնում դրա վրա: Բայց սա էլ կանցնի, սա մի փուլ է, որը պետք է հաղթահարենք ու անցնենք առաջ: Հիմա շատ կարևոր է, որ նորերը չկրկնեն հներից ժառանգած ձևերը: Բաց լինելն ու արագությունը կարևոր պայման են, որպեսզի չթուլանան:

– Իսկ իշխանությունների կողմից իրականացվող առաջին քայլերը ճի՞շտ են, ճի՞շտ հարցադրումներ ու լուծման ուղիներ են նախանշված:

– Չեմ կարող գնահատել, որովհետև արդյունքը պետք է տեսնել: Բժշկի տեսակ կա, որ հիվանդի հետ խոսում է, հիվանդը լավանում է: Բայց հիվանդ կա, որ վիրահատության կարիք ունի: Դրա համար թողնենք՝ տեսնենք ի՛նչ են անում: Բոլորն ուզում են, որ միանգամից լինեն փոփոխություններ, որոնք տարիներով, ինչու ոչ, դարերից եկած սխալներով են լի, բայց այդպես չի լինում:

– Այսինքն՝ երկար ժամանա՞կ է պահանջում փոփոխությունների այս ճանապարհը:

– Հազար տարի է՝ պետություն չունենք, մի հատ պետք է ոտքի կանգնել, օտարի լծից է պետք ազատվել, օտարի՝ ամենօրյա պարտադրվող ի վնաս մեր երկրի մտածելակերպը պետք է վանել, իսկ ավելի կարևոր է ինքնամաքրվելը: Այնքան բան է կուտակված, ուզում են մի ամսում կամ ինն ամսում բա՞ն փոխվի: Եթե գնում ենք փոփոխության ճանապարհով, ուրեմն համբերատար պետք է լինել: Բայց մարդկանց էլ է պետք հասկանալ, որովհետև հավատ ձեռք բերելը դժվար է, իսկ կորցնելը մեկ  վայրկյանում է լինում:

– Այսօր շատ են ասում՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում:

– Իսկ ով ինչի՞ համար է արել: Ի՞նչ է, ուզում են հենց տան ու առնե՞ն, որովհետև վաղվա օրվան վստահ չեն, տարիներ շարունակ այդպես են ապրել, ցանածը չեն սիրում մշակել, որպեսզի պտուղը քաղեն քիչ ուշ, բոլորը դարձել են առևտրական, ցանկանում են արագ տալ ու առնել: Այստեղ ենք մենք տանուլ տալիս, ուզում ենք տանք ու առնենք: Դրա համար էլ ոչ մի ծրագիր ու պլանավորում չունենք հետագայի համար, ես 50 տարի հետոն եմ ուզում տեսնել: Ունե՞նք դրա մասին տեղեկություն, չունենք, որովհետև անընդհատ օտարի տակ ես գտնվել, և օտարն է քո օրը պլանավորել:

Հիմա իրար գլխի թող գան, պլանավորեն, հասկանան, թացը չորից զատեն, մաքրեն: Սա շտապողականություն էլ չէ, սա այլասերում է, այսինքն՝ արհեստածին է այս ամենն լարվում, և օտարի ազդեցությունը դեռ գերակշռող է:

Ես կարծում եմ՝ դեռ պետք է սպասել, հասկանալ՝ ի՛նչ է կատարվում: Շատ բաներ պետք է երևան, դեռ շատ կեղտ է ջրի երեսին հայտնվելու, մարդիկ պետք է զգան ու տեսնեն, իսկ դրա համար ժամանակ է պետք: Ներդրումներ պետք է երկիր բերել: Երեկ հեղափոխություն արած երկրում հենց այսօր ներդրում չեն անում: Պետք է օրենքդ աշխատի, արհեստավարժ մարդիկ պետք է կարևորվեն:

Մի ամբողջ սովետա-բոլշևիկյան ու ռուսական սիստեմ է աշխատել, որը այսօր քանդվում է, վերափոխելը հե՞շտ է, երբ լյուստրացիա չես արել, չգիտես՝ ով է ում վրա աշխատում և ինչի է դեռ ունակ, ինչքան է վարձատրվում օտարին ծառայելու համար:

– Այսինքն՝ նախ մարդի՞կ պետք է փոխվեն, եթե ուզում են երկրում փոփոխություն լինի:

– Բա երկիրը ովքե՞ր են, մարդիկ են, գիտակցություն պետք է փոխվի: Դժվար է, հին մտածելակերպով մարդն այսօր չի կարողանում իրեն դրսևորել, ադապտացվել: Չի հասկանում ինչ անել: Ախր սա կառավարության ու պետության խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է: Պետք է մարդը տեր կանգնի իր երկրին, բայց տեր կանգնել՝ չի նշանակում, որ ամեն լակոտ-լուկուտ ինչ ուզի, որտեղ ուզի պետք է անի ու երեսով տա՝ բա մենք հեղափոխության շարքերում ենք եղել, բա ինչի՞ ենք այսօր վատ ապրում:

Վատ ես ապրում, որովհետև հարյուրամյակներ ես տանուլ տվել: Հիմա ուզում եք դա մեկ օրում միանգամից հե՞տ բերենք, հնարավոր չէ: Հույսը շատ է այսօր, մարդիկ ոգևորվում են, որ հույս ունեին, և մեկ էլ իրենց ուզածը չի ստացվում: Բայց չի կարելի այդպես արագ հիասթափվել, որովհետև կարևորը երկրորդականից զատելու ժամանակն է:

Եթե այսօր 15-20 մլրդ դոլար մտներ երկիր, շատ հիվանդություններ կարող էին բուժվել մեխանիկորեն, բայց ավելի կարևոր են բոլորիս հոգեկան հանգստությունն ու վստահությունը վաղվա օրվա նկատմամբ, ավելի կարևոր է ոչ թե օտարի «դուխով»-ը, այլ ոգով ամրապնդվելը, վստահ լինելը, որ նոր երկիր ենք կառուցում համայն հայությամբ:

– Եթե օլիգարխներին, նախկին պաշտոնյաներին «թափ տան», այդ 15-20 միլիարդը չի՞ ստացվի:

– Ախր մեզ մոտ այն կլասիկ հեղափոխությունը չի եղել, որ վերցնենք ու բոլորին ջրի երես հանենք ու ռադիկալ վերաբերվենք: Եղածը ավելի էվոլյոցիոն ձև ունի, որովհետև հակառակ դեպքում արյունահեղությունը անխուսափելի կլիներ, ինչը մեր փոքր երկիրը կքանդեր հիմնովին: Պետք է այնպես անել, որ այդ օլիգարխներից ոմանք այդ գումարները ներդնեն իրենց երկրում:

Ամենամեծ վտանգն այն է, որ այդ օլիգարխներն իրենց փողերը տարել ու տանում են երկրից: Այսինքն՝ դժվար է, այս ձևով արագ չի լինելու, բայց հաստատ ամեն բան փոխվելու է, հույսը մեծ է: Եվ դա այսօրվա կամ վաղվա կառավարության գործոնով պայմանավորված չէ: 

Մարդիկ պետք է տրամադրվեն ու հասկանան, թե ինչ փոսի մեջ են տարիներ շարունակ եղել, մարդիկ պետք է դուրս գան այդ փոսից, որը շատ խորն է, որովհետև կառավարություն կարելի է փոխել 9 ամսում, բայց մի ամբողջ ժողովուրդ չես կարող փոխել: Այսօր հարկավոր է առաջադեմ, առաջատար ու ազնիվ, բանիմաց մարդկանց բանակ ձևավորել՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, որպեսզի հոգևոր, մշակութային և տնտեսական աճ գրանցենք: Աշխարհը հաշվապահություն է օգտագործում գործի համար: Մենք գործը հաշվապահության համար ենք դեռ անում: Դրանից էլ ամեն բան կիսատ է մնում:

Լուսանկարը` Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am