«Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ». Սպիտակ տունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որի մասին խոսել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Նեդ Փրայսը․

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։

Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։

Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։