«Մեղավոր եմ». Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մի շարք քայլեր, որոնք պետք էր ժամանակին անել

Այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընդունում է՝ մեղավոր է 7 շրջանները ժամանակին չհանձնելու համար:

«Հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու բացահայտել, որ մեր բոլոր, կրկնում եմ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:

Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն ԼՂ ապագայի որոշման ու կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի:

Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը:

Մեղադրանքի նման ձեւակերպումը ամենեւին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, որովհետեւ հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը՝ Դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։