Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի համար. ՔՊ-ական պատգամավոր

Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ՝ դա պետք է որ ընդունելի լինի բոլորի համար: Այդ մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Նաև հավելել է. «Եթե պայմանը այն է, որ արցախցիների համար դա ընդունելի է, ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի համար դա ևս ընդունելի է: Խոսքը այնպիսի պայմանների մասին է, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որի առկայության պայմաններում արցախցիները չեն ուզենա լքել Արցախը: Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի Հայաստանի համար»:

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովը ապրիլի 14-ին տեղի ունեցած արտահերթ նիստում հայտարարություն էր ընդունել, որում մասնավորապես, նշվում էր. «Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայությանիր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով»: