2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

2023 թվականից ուժի մեջ է մտնում բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բուժաշխատողները  հինգ տարվա ընթացքում պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր: «Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե օնլայն հարթակներում, և թե առկա դասընթացների ձևով վարվելու են , որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասաց նա, հավելելով, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով: