ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը ՀՀ-ում ծխելու սահմանափակումները համարում է լիովին արդարացված

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Հենրի Պ. Կլյուգենը Հայաստանում հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը լրիվ արդարացված է համարում։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կլյուգենը նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև համագործակցության երկամյա համաձայնագիր կնքելուց հետո։

«Արդեն երկու տարի է՝ մենք աշխատում ենք Առողջապահության նախարարության հետ տվյալները հավաքագրելու համար։ Ավելի քան 5500 հայ ամեն տարի մահանում է ծխախոտի հետ կապված հիվանդություններից։ Սա նշանակում է, որ բնակչության գրեթե 20 տոկոսը մահանում ըէ լրիվ կանխարգելելի պատճառներից։ Սա նաև անդրադառնում է ֆինանսների վրա։ Կարևոր է հաշվի առնել, որ նրանք, ովքեր ծխում են դրական են գնահատում արգելքը, որը վերաբերում է ծխախոտին։ Մենք լիովին սատարում ենք այս կանխարգելիչ միջոցառմանը»,- նշեց դոկտոր Կլյուգեն։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ պետք է բարձր գնահատել առողջապահության նախկին նախարարի՝ Արսեն Թորոսյանի աշխատանքը այս օրենքի ընդունման հարցում։ 

«Հայաստանը, մի փոքր ուշ միանալով այս համընդհանուր շարժմանը, շատ ավելի համապարփակ կարգավորումներ ներդրեց։ Մենք իսկապես արձանագրում ենք, որ անգամ ծխող մարդիկ ուրախ են և ողջունում են այս կանոնի ընդունումը, քանի որ այն նպաստում է նրանց առողջության բարելավմանը։ Մենք պետք է քաջ գիտակցենք, որ միայն հիվանդությունները բուժելու քաղաքականությամբ մենք չենք կարող հաջողության հասնել։ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն առողջ սովորույթներ ունենալուն և ապագա սերունդներին առողջ մեծացնելուն։ Ամեն ինչ անելու ենք, որ օրենքը պահպանվի և փրկելու ենք հազարավոր կյանքեր,  ֆինանսական առումով ձեռքբերումներ ենք ունենալու»,- առանձնացրեց Ավանեսյանը։ 

Այն հարցին, թե արդյոք արգելքը չի վնասում ծխախոտային արտադրությունների բիզնեսին՝ նախարարը հավելեց, որ օրենքը ընդունվել է բավական երկար քննարկումների արդյունքում, բայց կարևորել են օրենքի համապարփակ կարգավորումը։ Նա նշեց, որ արգելքները վերաբերում են ոչ միայն ծխախոտին, այլ նաև ծխախոտային արտադրատեսակներին։ Տնտեսվարողներին տրվել է երկու տարի ժամանակ, որպեսզի իրենց գործունեությունը փոփոխեն։ Ավանեսյանի համոզմամբ՝ գործունեության փոփոխությունը և մաքուր մթնոլորտում սրճարան ունենալը ևս շահավետ է։