ԱՄՆ-ը դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճարների սահմանմանը․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո նախատեսված 60-օրյա բանակցային ժամանակահատվածում նավերը կկարողանան Հորմուզի նեղուցով անցնել առանց տուրքեր վճարելու։ Այս մասին նա ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

«Համաձայնագրում նշվում է, որ 60 օրվա ընթացքում, մինչ կշարունակվեն վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները, Հորմուզի նեղուցով մուտքն ու ելքը կլինեն առանց տուրքերի»,- ասել է Վենսը։

Նա նշել է, որ նեղուցով ազատ անցման մակարդակն արդեն զգալիորեն աճել է։ Վենսի խոսքով՝ Հորմուզի նեղուցով անցնում են նավթի մեծ ծավալներ, իսկ նավթի գինը 120 դոլարից նվազել է մինչև 83 դոլար։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Վաշինգտոնը ակնկալում է՝ նավերի ազատ անցումը կպահպանվի նաև վերջնական համաձայնագրի ստորագրումից հետո։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև այն հարցը, թե ինչ պետք է տեղի ունենա, եթե նավը խափանվի։ Օրինակ՝ արդյոք կգանձվի սպասարկման վճար, եթե այն անհրաժեշտ լինի քարշակել։ Սա բոլորովին այլ հարց է։ Հնարավոր է՝ իրանական կողմը հենց դա նկատի ունի։ Մենք հստակ ասել ենք, որ չենք ընդունի որևէ համակարգ, որը նավերից վճարներ կպահանջի Հորմուզի նեղուցով անցնելու համար»,- նշել է Վենսը։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարությունը հունիսի 15-ին հայտնել էր, թե ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա սպասարկման վճարներ գանձել նեղուցով անցնող նավերից՝ պնդելով, որ դա չի համարվի տուրք։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդի դեր ստանձնած Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում, որից հետո 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը։