Վանաձորի դրամատիկականում կայացել է «Կույրերը» դրամայի բեմադրության առաջնախաղը

Մայիսի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիական սիմվոլիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բելգիացի դրամատուրգ Մորիս Մետերլինկի «Կույրերը» դրամայի բեմադրության առաջնախաղ:

Թատրոնի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բեմադրիչը ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտ Նարե Մարտիրոսյանն է, իսկ բեմադրության ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։

Ըստ Մետերլինկի փիլիսոփայական կոնցեպցիայի՝ գիտակցությունն ու տեսողությունը չեն կարող ճանաչելի դարձնել կյանքը, և նա մարդկության սիմվոլիստական կերպարը բացահայտում է «Կույրերը» դրամայում։

«Ծերունի քահանայի ուղեկցությամբ կույրերը փորձում են տեղաշարժվել խուլ անտառում։ Քահանան նրանց չհեռանալու հրահանգ է տալիս․․․

Խեղդող անորոշության մեջ են, չեն կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ, իսկ անորոշության վախն ավելի է սաստկանում, երբ նրանցից մեկը պատահաբար դիպչում է քահանայի մարմնին․․․

Ինչպես դրամայում, այնպես էլ ներկայացման մեջ թերևս ամենակարևոր սիմվոլը՝ միակ տեսնողը, երեխան է, որն այնքան փոքր է, որ չի կարողանում իր տեսածին հաղորդակից դարձնել մյուսներին», —նշում է աղբյուրը: