Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել պատգամավոր Աննա Մկրտչյանին. ԻՔՄ

Պահանջել ենք վարչական պատասխանատվության ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Այդ մասին տեղեկացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Վերջին օրերին ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ակնհայտորեն բազմակի անգամներ խոչընդոտել է ոստիկանների օրինական գործունեության իրականացմանը և չի կատարել ոստիկանների օրինական պահանջը։

Ըստ այդմ, Աննա Մկրտչյանի գործողություններում ակնհայտորեն առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք։ Իսկ ԱԺ պատգամավորը` վարչական իրավախախտումների համար պատժվելուց պաշտպանող որևէ անձեռնամխելիություն չունի։

Արդ, Ոստիկանության պետին ուղղված գրությամբ պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, կազմել իրավախախտման արձանագրություն ու դիմել դատարան` տուգանելու պահանջով», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանը։