Ռ․ Ռուբինյանը Ցեղասպանության պահանջից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել․ Fip.am

Մայիսի 21-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում David Chobanyan օգտատերն անհայտ աղբյուրից Ռուբինյանի նկարով հոդվածի սքրինշոթ-լուսանկար է տարածել՝ «Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության պահանջներից, վերջ դնի Թուրքիայի դեմ թշնամանքին և ապամոնտաժի Սողոմոն Թեհլերյանի արձանը» վերտառությամբ։ 

Լուսանկարի նկարագրությունում օգտատերը գրել է․ «Հաջորդ քայլը Ցեղասպանության հուշահամալիրը քանդելն է։ Դըմփ դըմփ հուուու. Վայելեք թավշյաներին։ Հայի տականք տեսակը թուրքից վտանգավոր է»։ 

Օգտատիրոջ ֆեյսբուքյան հրապարակումը տարածվել է 114 անգամ և շարունակվում է տարածվել։ Տարածողների թվում են նաև զգալի լսարան ունեցող օգտատերեր, մասնավորապես՝ հաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։  

Տարածվող նյութի վերնագրի ու լուսանկարի համադրությունից տպավորություն է ստեղծվում, թե այս խոսքերն ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ընդ որում, քանի որ տարածվում է նյութի սքրինշոթը՝ առանց տեքստի հղման, ընթերցողը ուղիղ հնարավորություն չունի կարդալու բովանդակությունը և պարզելու, թե ինչի մասին է այն իրականում։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տարածվող տեղեկությունը և պարզեց, որ Ռուբինյանը նման հայտարարություն չի արել։

Լուսանկարից երևում է, որ հոդվածը հրապարակվել է դեռ 2022 թվականի հունվարի 17-ին։ Որոնման արդյունքում հնարավոր եղավ հայտնաբերել տեղեկության սկզբնաղբյուրը։ News.am-ը հունվարի 12-ին «Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում մեջբերվում է Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ, ներկայումս «Թալեաթ փաշա» միության նախագահ Հասան Քորքմազջանի հայտարարությունը։

Ըստ դրա, Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։ Այդ 4 նախապայմանները հենց այն կետերն են, որոնցով վերնագրված է տարածվող լուսանկարը։

Դրանից օրեր անց՝ հունվարի 16-ին, tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք էր հայտնել, որ «Թալեաթ փաշա» կոմիտեի հայտարարությունն արտահայտում է Թուրքիայի պաշտոնական նկրտումները և որ դրանք կդրվեն բանակցային սեղանին։ 

Հունվարի 17-ից սկսած՝ տարբեր սունկ կայքերում Ռուբինյանի լուսանկարով և «Թալեաթ փաշա» կոմիտեի նախապայմանները վերնագիր դարձնելով հոդվածներ են տարածվում, ինչը տպավորություն է ստեղծում, թե այս խոսքերն ասել է հենց Ռուբինյանը։ Այս սքրինշոթը սոցիալական ցանցերում տարածվել է նաև այն ժամանակ՝ հունվարին։ Այս մասին վկայում են սունկ կայքերը, որոնք վերահրապարակել են դերասան Ժաննա Բութուլյանի տարածած նույն լուսանկարը։

Այսպիսով՝ համացանցում տարածվող լուսանկարում առկա տեքստը, որը վերագրվում է ԱԺ փոխնախագահին, կեղծ է։ Ռուբինյանը հրապարակային նման արտահայտություն երբեք չի արել, իսկ խոսքերը վերցված են թուրքական «Թալեաթ փաշա» միության հայտարարությունից, որը արվել է այս տարվա հունվարին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մարտիրոսյան

Fip.am