Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի մեր երկրում, այդ թվում ընտանեկան կամ ոչ ընտանեկան բռնությունից. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է:Խնդրում եմ ուշադրություն դարձրեք օրվա անվանման վրա: Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է, ինչն իհարկե չի նշանակում, որ չպետք է նվերներ գնել նրանց համար և լավ ժամանակ անցկացնել նրանց հետ:

Այնուամենայնիվ այս օրը նրա մասին է, որ աշխարհում, այդ թվում մեր երկրում կան բազմաթիվ երեխաներ, որ պաշպանության կարիք ունեն: Նրանք կարիք ունեն որակյալ կրթության և առողջապահության: Նրանք նաև կարիք ունեն արժանապատիվ մանկության և հարգանքի մեծահասակների, այդ թվում իրենց ծնողների, ինչպես նաև հենց իրենց հասակակիցների կողմից: Շատ երեխաներ իրենց կենսաբանական ընտանիքներում մեծանալու կամ նոր ընտանիք գտնելու կարիք ունեն:

Այո, շատ երեխաներ կարիք ունեն նաև պաշտպանության ընտանեկան հոգեբանական և ֆիզիկական բռնությունից և պետությունը այստեղ մեծ դեր և պարտականություն ունի ապահովելու այդ պաշտպանությունը` դեն նետելով այսպես կոչված «ներընտանեկան խնդիրներին չխառնվելու արատավոր սովորույթը», որոնք հաճախ աղետալի ելքեր են ունենում:

Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի մեր երկրում, այդ թվում ընտանեկան կամ ոչ ընտանեկան բռնությունից: Երեխաները նաև զարգանալու հավասար հնավարությունների կարիք ունեն, ինչը կրկնին պետության պարտավորությունն է, որը ջանք չպետք է խնայի ստեղծելու համապատասխան միջավայրեր ինչքան հնարավոր է շատ համայնքներում:

Վերջին տարիներին իհարկե շատ բան է արվել երեխաների պաշտպանության ուղղությամբ, բայց ավելի շատ էլ դեռ անելիք կա:

Եկե’ք պաշտպանենք երեխաներին և հոգանք նրանց բոլոր կարիքները` ապահովելով երջանիկ մանկություն և արժանապատիվ մեծահասակ քաղաքացիներ դառնալու հնարավորություն»: