Տիգրան Սարգսյանը կենսաչափական անձնագիր ստացավ

Տիգրան Սարգսյանը կենսաչափական անձնագիր ստացավ
Տիգրան Սարգսյանը կենսաչափական անձնագիր ստացավ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենք, որը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել վարչական շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը:

Տիգրան Սարգսյանն այցելել է մի շարք ստորաբաժանումներ՝ դիմումների ընդունման, բնակչության պետռեգիստրի, վիզաների, անձնագրային և ելքի փաստաթղթերի ձևակերպման բաժիններ, զրուցել աշխատակիցների և վարչություն այցելած քաղաքացիներ հետ, ովքեր իրենց գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակից: 

Միաժամանակ, վարչապետ Սարգսյանն անձամբ է օգտվել մատուցվող ծառայություններից և, անցնելով բոլոր ընթացակարգերը, ստացել կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ: 
Գնահատելով վարչությունում իրականացված աշխատանքները՝ կառավարության ղեկավարը նշել է. 

«Ինձ համար չափազանց կարևոր էր տեսնել, թե ինչպես են սպասարկում սովորական քաղաքացուն: Այդ առումով, կարող ենք արձանագրել, որ վերջին հինգ տարիների ընթացքում սա մեր պետության լրջագույն ձեռքբերումներից մեկն է: Եվ ոլորտում ներդրած այս ստանդարտը պետք է տարածենք նաև այլ բնագավառներում, որտեղ պետությունը շփվում է քաղաքացու հետ»: 

Ոլորտի պատասխանատուները վարչապետին զեկուցել են այս բնագավառում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: Նշվել է, որ նորագույն տեխնոլոգիաների ներդրման արդյունքում էապես բարձրացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, նվազագույնի են հասցվել կոռուպցիոն ռիսկերը և փաստաթղթերի ձևակերպման համար ծախսվող ժամանակը: 
Մոտ 5000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Անձնագրերի և վիզաների վարչության նոր վարչական շենքը, որում աշխատում է 150-ից ավելի մարդ, ունի 4 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ:

© Medialab.am