Համայնքների խոշորացման հաջորդ փուլի մասին նախագիծը ԱԺ-ն ընդունեց

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այս նախագծի ընդունման արդյունքում առաջիկայում արդեն միավորված 13 համայնք կրկին կմիավորվեն 5 համայնքային փնջում։

Արդյունքում կձևավորվեն միավորված համայնքներ. Արագածոտնի մարզում՝ Թալին համայնք, որն իր մեջ կմիավորի Թալին եւ Արագածավան համայնքները, Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ համայնք, որը կներառի Ճամբարակը եւ Շողակաթը, Լոռու մարզում՝ Ալավերդի համայնք, որն իր մեջ կմիավորի Ալավերդին, Ախթալան, Օձունը եւ Շնողը, Լոռու մարզում՝ Տաշիր համայնք, որը կներառի Տաշիրը, Մեծավանը եւ Սարչապետը, Սյունիքի մարզում՝ Սիսիան համայնք, որը կներառի Սիսիանը եւ Գորայքը: Այս 13 համայնքը ներառում է 141 բնակավայր:

Առաջիկայում Հայաստանում գոյություն ունեցող 79 համայնքի թիվը կկրճատվի՝ դառնալով 71։