Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը


Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել: Ւնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:

«Ըստ մամուլի հաղորդումների՝ այս անմարդկային, մարդատյաց արարքի հեղինակը, մեծ հավանականությամբ, սակայն դեռևս ամբողջովին չհաստատված տվյալների, հայաստանցի գերմանահպատակ մեկն է՝ Գոռ Հ. անուն-ազգանունով: Կրկին մամուլի հաղորդումների համաձայն՝ հանցանքը գործած անձն ունեցել է հոգեկան խնդիրներ և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում: Հուսով ենք, որ ոստիկանությունը և համապատասխան մյուս մարմինները կպարզեն այս չարաբաստիկ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»,- orer.eu-ի փոխանցմամբ, ասվում է Թեմի հայտարարության մեջ: