Պետք է ընդամենը միջազգային հանրությանը ներկայացնել, որ Ալիևը, սպառնալով ուժ կիրառել ՀՀ նկատմամբ, միջազգային հանցագործություն է գործում. Տարոն Սիմոնյան

Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոչ մի պետություն մեկ այլ պետության տարածքային ամբողջականությունը ընդունել֊չընդունելու հարցը չի կարող վիճարկել, որովհետև արդեն այդ սկզբունքը ընդունել է ՄԱԿ֊ի կանոնադրության ուժով։ (Ինչպես, օրինակ, մարդ չի կարող վիճարկել մեկ այլ մարդու սեփականության իրավունքը՝ որպես այդպիսին:)

Բայց թե այդ իրավունքը որ տարածքի նկատմամբ է, ինչ սահմաններով, դա արդեն տարածքային ամբողջականության սկզբունքի կարգավորման ոլորտը չէ, այլ մեկ այլ, օրինակ՝ սահմանների անխախտելիության սկզբունքի։

Եվ եթե, իհարկե, որոշում ընդունող մեր պետական գործիչներին հետաքրքրում է տարածքային ամբողջականության սկզբունքի միջազգային իրավական բովանդակությունը, և ոչ թե դրա ալիևյան մեկնաբանությունը ու դրանից բխող սպառնալիքները, ապա պետք է ընդամենը միջազգային հանրության գործընկերներին հասանելի ձևով ներկայացնեն, որ Ալիևը, սպառնալով ուժ կիրառել ՀՀ նկատմամբ, եթե վերջինս չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, ընդամենը միջազգային հանցագործություն է կատարում՝ շատ կոպիտ ձևով խախտելով միջազգային իրավունքի մեկ այլ jus cogens սկզբունք՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը։

Խնդրում եմ չասեք, որ մեկ է՝ մեզ ոչ ոք չի լսում, ուժն է կարևորը և այլն։ Ամեն ինչ բացատրողից է՝ ուժն էլ, իրավունքն էլ … «Լա՛վ» բացատրեք»։