Կյանքից հեռացել է Բախտիար Հովակիմյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարու­թյունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր  և մատենագետ Բախտիար Մարդանի Հովակիմյանը։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բախտիար Հովակիմյանը ծնվել է1926 թ․ մայիսի 1-ին Տավու­շում։ 1947 թ․ նա ավարտել է  Լ․ Երամյա­նի ան­վան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատե­րական ինստիտուտը։ 

1953-1958 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-2008 թվականներին՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որը գլխավորել է  1963 թվականից։

Նրա վաստակը նշանակալի է արխիվային գործի, հայ թատրոնի փաստագրման ոլորտներում: Ուշագրավ են Պ. Ադամյանին, Սիրանույշին, Հովհ. Աբելյանին և հայ բեմի այլ երախտավորներին նվիրված նրա հոդվածներն ու աշխատությունները: Անգերազանցելի է նրա աշխատասիրությամբ կազմված «Հայոց ծածկանունների բառարան»-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Բախտիար Հովակիմյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին: