Ջհանգիրյան, Վարդազարյան տեսակները չեն կարող պետական, քաղաքական համակարգերում լինել, եթե, իհարկե, մենք Հայաստանի վերափոխման ցանկություն ունենք. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի միջև զրույցի ձայնագրությանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աղմկահարույց ձայնագրության մասին.

Երկրում ամեն ինչ ավելի զզվելի ու նողկալի է, քան կարելի է պատկերացնել` բոլոր հարաբերություններում(պաշտոնական, քաղաքական, մարդկային), պետական ու քաղաքական բոլոր սեգմենտներում։Ձայնագրության ընդհանրական գնահատականը սա է, որ տվել եմ դեռ երեկ։ Բայց կան մի քանի հանգամանքներ, որոնք ավելի համապարփակ անդրադարձի անհրաժեշտություն ունեն։ Անենք մի քանի եզրահանգումներ.

✓ 2018-ի հեղափոխությունը երկրում իրավիճակ չի փոխել. հասարակության սպասելիքները քաղաքական կապիտալիզիայի չեն ենթարկվել։ Այս ձայնագրությունը նաեւ դրա մասին է։

✓ Հայաստանը չի ունեցել ու 2018-ից հետո էլ, չունի արդարադատություն։ Այն իրականացվում է այն блатной понятия-ների ու քաղաքական պատվերի շրջանակներում, խոսույթի այն աղբով, որը “կարմիր թելով” անցնում էր ձայնագրության ողջ ընթացքում` դրա “հերոսների” կատարմամբ։

✓ Ջհանգիրյանը ու Վարդազարյանը սոսկ անձեր չեն, նրանք նիկոլական ու քրեաօլիգարխիկ համակարգերի խորհրդանիշներ են։ Այս երկուսի զրույցը Նիկոլի ու նախկինների թիմերի հարաբերությունների ճշգրիտ ալգորիթմն է։ Հետհեղափոխսկան ու նախահեղափոխական էլիտաները կամ “բարիշում” են` ռեֆորմների, Հայաստանի մոդեռնիզացիայի հաշվին, կամ “իրար ուտում” են, երբ չեն կարողանում պաշտոն կամ փող կիսել։

✓ Այս երկու տեսակն էլ (Ջհանգիրյան, Վարդազարյան) չի կարող ոչ միայն ԲԴԽ-ում, այլ նաեւ պետական, քաղաքական համակարգերում լինել, եթե, իհարկե, մենք Հայաստանի վերափոխման ցանկություն ունենք։

✓ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի մասին Ջհանգիրյանի արտահայտությունները “գաղափարական” չեն, որովհետև նա մեծ սիրով աշխատել է այն իշխանության մեջ, որի բուրգին Քոչարյանն էր, իսկ ստորոտին` ՀՅԴ-ն։

✓ Երբ Վարդազարյանն այս ձայնագրությունը հրապարակայնացնում էր, ամենեւին էլ արդարադատության որակի մասին չէր մտածում։ “Ստուկաչի” հոգեբանությամբ հացի սեղանի զրույցը գաղտնի ձայնագրելը ու դա ոչ թե անմիջապես, այլ տերերի համար “ճիշտ պահին” հրապարակելը այլ բանի մասին են խոսում։ Նրա վիզավին Փաշինյանի, իսկ Վարդազարյանը` Քոչարյանի “փաստաբանն” է։

✓ նման կրիմինալ, блатной մտածելակերպ, խոսույթ ունի մեր էլիտայի մեծ մասը։ Այս սա է, որ ամենաշատը պետք է մեզ տանջի` ոչ թե դարդոտելու, այլ լուծումներ գտնելու նպատակով։

Լավ մնացեք, блатной մտածողությամբ մարդկանց ու “ստուկաչների” հետ հաց ուտելու մի գնացեք։ Խնայեք ձեր ճաշակը ու հարգեք առանձ ձայնագրվելու` հաց ուտելու ձեր իրավունքը»: