Նիկոլ Փաշինյանի մանիպուլյատիվ պնդումը՝ իր եղբոր ղեկավարած ընկերությունների վերաբերյալ. Fip.am

Հունիսի 27-ին առցանց մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով 1 տարվա ընթացքում 4 ընկերություններում իր եղբոր՝ տնօրեն նշանակվելու մասին հարցին, հանդես եկավ մանիպուլյատիվ պնդումներով։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել էր, որ նախորդ տարվա ապրիլ ամսից սկսած Նիկոլ Փաշինյանի եղբայրը դարձել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերությունների տնօրեն։

Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը ունեցվածքի վերաբաշխման նման չէ, վարչապետը պատասխանեց, որ իր եղբայրն ընդամենը ընկերությունների խմբի տնօրեն է և ոչ ավելի։

«Տեսեք՝ ինչ ահասարսուռ է հնչում, 4 ընկերության տնօրեն։ Իրականում 1 ընկերությունների խմբում աշխատում է տնօրեն: Ես կարող եմ սեփական օրինակով ասել․ երբ ժամանակին զբաղվում էի լրատվամիջոցի գործերով, կար թերթ, կար տպարան, մի քանի ՍՊԸ, և էդ ՍՊԸ-ների տնօրենը մի մարդ էր, որովհետև դա, ըստ էության, ընկերությունների խումբ է, որը իրար հետ փոխկապակցված գործում է, և նման դեպքերում նախընտրելի է  ունենալ մեկ տնօրեն. մեկ տնտեսական օրգանիզմի մասին է խոսքը»,- պատասխանեց Փաշինյանը։

Ի հեճուկս վարչապետի պնդման՝ FIP.am-ը հոդվածում նշել էր, թե ինչպիսի գործունեություն են ծավալում այս ընկերությունները։ Համաձայն այդ տվյալների՝ «Գոու Թրեյդ» ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։ «Մինա-Մայա» և «Արգիշտի-2» ՍՊԸ-ները՝ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ «Միթ Ագրո» ընկերությունը՝ մսի առևտրով։

Այս ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված (էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Մինա-Մայա» և «Արգիշտի-2» ընկերությունները)։

Ինչ վերաբերում է ընկերությունների՝ մեկ խմբում ընդգրկված լինելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, ապա Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, թե ինչպես են դրանք կազմավորվում, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն։

Ըստ օրենսգրքի՝ տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների անունները, կամ ընկերակցության մասնակիցներից առնվազն մեկի անունը՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։

Իսկ Քոքոբելյանների՝ խնդրո առարկա բիզնեսների դեպքում նման անուն հայտնի չէ, կամ այլ կերպ ասած՝ այդ ընկերությունները իրավաբանորեն չեն ներկայանում որպես տնտեսական ընկերակցություններ։

Հատկանշական է նաև այն փաստը, որ էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ի տարբերություն մյուս երկուսի, չեն ստեղծվել Քոքոբելյանների կողմից, այլ վերջին երկու տարիներին ձեռք են բերվել նախկին իշխանությունների հետ ասոցացվող անձանցից, և ունեցվածքի վերաբաշխման վերաբերյալ հարցադրումը հենց այս ընկերություններին էր վերաբերում, ինչին արձագանքելով՝ վարչապետը նախընտրեց խոսել միանման գործունեությամբ զբաղվող ընկերությունների խմբի մասին։

Այսպիսով փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե իր եղբայրը ոչ թե 4 ընկերությունների տնօրեն է, այլ միմյանց հետ փոխկապակցված ընկերությունների խմբի տնօրեն, մանիպուլյատիվ է, քանի որ, ըստ էության, նշված ընկերություններից միայն երկուսն են իրենց գործունեության տեսակով միմյանց հետ փոխկապակցված։

Սևադա Ղազարյան

Fip.am