Լուկաշենկոն շնորհավորել է Բայդենին, Պուտինը՝ ոչ.Factor

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առիթով։

Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ո՛չ, այս տարի շնորհավորական հեռագիր չի ուղարկվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա պնդմամբ՝ այս տարին դարձել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ոչ բարեկամական քաղաքականության գագաթնակետը, այս պայմաններում դժվար թե նպատակահարմար համարվի շնորհավորական ուղերձ հղելը։

Սակայն ամերիկացի ժողովրդին շնորհավորել է Միութենական պետության՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն։

ՌԴ ամենասերտ դաշնակցի ուղերձում, որի տեքստը զետեղված է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքում, Լուկաշենկոն կոչ է արել ամերիկացիներին մոռանալ տարաձայնությունների մասին և միավորել ուժերը՝ «այսօրվա խիստ տագնապալի և անապահով իրավիճակից ելք գտնելու համար»։

Ավելի վաղ՝ կիրակի օրը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր շնորհավորել Բելառուսին Անկախության օրվա առթիվ և աջակցություն հայտնել այդ երկրի քաղաքացիներին ազատության և ժողովրդավարության համար իրենց պայքարում։

«Թեև Անկախության օրն առիթ է՝ տոնելու այդքան դժվարությամբ նվաճված ազատությունները, բելառուսները դեռևս չունեն իրենց երկրի ապագան որոշելու և իրենց տեսակետներն արտահայտելու կարողություն՝ առանց դաժան հաշվեհարդարից վախենալու»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ:

Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Պուտինը վերջին անգամ ԱՄՆ առաջնորդին Անկախության օրվա առթիվ շնորհավորել է 2016 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահն էր Բարաք Օբաման։

Անցյալ տարի Պուտինը Բայդենին շնորհավորել է Սուրբ ծննդյան և Ամանորի կապակցությամբ, անգամ «միմյանց ազգային շահերը հաշվի առնող ու փոխադարձ հարգանքի հիման վրա արդյունավետ ռուս-ամերիկյան երկխոսության հույս հայտնել»։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։