ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ քննարկումներին, թե «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով, որով ԳՇ պետն ի պաշտոնե դառնում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում նախագծերի փաթեթի քննարկմանը Պապիկյանն ասաց. «Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում զինված ուժերը ենթարկել նախարարին: Նախ` զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո, զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ և այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում` իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունը իրացնել ամբողջությամբ»:
Նախարարը հավելեց նաև, որ ինքը շատ շահագրգիռ կլիներ, եթե օրենսդիր իշխանության մաս կազմող ընդդիմությունը ևս մասնակցեր նախագծի քննարկմանը: Նա նկատեց՝ ընդդիմադիրներից շատերն ունեն նաև զինվորական ծառայության փորձ, գիտելիքներ: «Եվ ես այն մարդը չեմ, որ այդ գիտելիքները, օբյեկտիվ առաջարկները կարող էի մերժել: Բնականաբար չէի մերժելու, բայց չեն հնչել այդպիսիք»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ թաքուն քննադատությունները չի ընդունելու նույնիսկ ի գիտություն:
Ըստ Պապիկյանի՝ ընդդիմադիրների քաղաքական օրակարգը ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ իշխանություններին ձախողման հանգեցնելը:
Ըստ նրա` ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ի՞նչ իրավունքով են վարժական հավաքներին զորակոչում ընդդիմության երիտասարդներին:
«Ժողովուրդ, դուք ՀՀ քաղաքացի՞ եք, թե՞ ոնց: Ճիշտ է ասվում` Երևանում երկիրը պաշտպանելը, փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ, հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին 1 ամիսը հայտարարել եմ ինժեներական աշխատանքների ամիս, համեցեք մասնակցեք ինժեներական աշխատանքներին, գնացեք, մասնակցեք եռամսյա հավաքներին, դուք ՀՀ քաղաքացի եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և բոլորի նման հավասար են: Մենք նրանց չենք տարանջատում ՀՀ քաղաքացիներին իրարից»,-ասաց Պապիկյանը՝ հորդորելով չզանգել զինվորականներին, քողարկված կոչեր չանել: