Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին

Հայաստանում 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան, պետությունը 2019 թվականից մինչև այսօր բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայող ձեռք է բերել բնակարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով  այն քննարկումներին, թե նախկինում էլ սպանեցին բնակարանով ապահովում իրականացվել է:

Նախարարը նախ ներկայացրեց, թե նախկինում չկատարված ինչ պարտավորություններ կան այս պահին կառավարության ուսերին:

«Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայողներ, 805 զինվորական կենսաթոշակառուներ: Ընդհանուր առմամբ 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան: Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուի մասին է»,-ասաց Պապիկյանը:

Ապա նախարարը ներկայացրեց, թե կառավարությունը 2019-ից մինչև այսօր բնակարանով ապահովման ինչքան պարտավորություն է մարել: «2019 թվականից առ այսօր ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից քննարկվել և բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի: Նրանք այն անձինք են, ում նկատմամբ պետությունը ունեցել է պարտավորություն, պարտավորությունները մարվել են»,-ասաց նախարարը:

ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայողներ հիփոթեքային վարկավորման ծրագրով ձեռք են բերել բնակարաններ:  «Այսինքն՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 զինծառայողի կարիքներ հոգացել ենք 2019-2021 թվականներին»,-ասաց նախարարը:

Ամեն տարի կառավարության որոշմամբ 500 զինծառայող կարող է օգտվել ծրագրից:  Նրանք վիճակահանության միջոցով այդ իրավունքը ձեռք են բերում: «Այս տարի մենք 500 տեղի համար ունենք 1013 դիմորդ: Բնականաբար 500 տեղի համար արդեն իսկ իրենց իրավունքները ստացել են մեր զինծառայողները, վարչապետի որոշմամբ մնացած 513 շահառուի կարիքները ևս կբավարարենք կառավարության առաջիկա նիստերից մեկում, փաստաթղթերն արդեն իսկ շրջանառվում են»,-հայտնեց նախարարը:

Պապիկյանը վստահեցնում է՝ որքան էլ, որ այդ պարտավորությունները ժառանգված են, դրանք իրենցն են՝ կառավարությանը և իրենք այդ պարտավորությունները պետք է կատարեն: «Մենք հետևողական ենք ոչ միայն նախկինում եղած պարտավորությունների նկատմամբ, այլ նաև որպես շահառուի չգրանցված գործող սպաների կարիքները ևս հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու համար»,-եզրափակեց Պապիկյանը: