Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների և այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը: