Վայքի ոստիկաններն ապօրինի ծառահատման և ձկնորսության դեպքեր են բացահայտել

ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման և ձկնորսության դեպքեր։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ապօրինի ծառահատման վերաբերյալ ահազանգը ոստիկանության Վայքի բաժնում ստացվել էր մայիսի 4-ին: Արտավանի անտառպետությունում հայտնաբերվել էին հատված չորս կաղնի և մեկ հացենի:

Հարուցվել էր քրեական գործ: Վայքի համայնքային ոստիկանները բաժնի այլ ծառայությունների և մարզային քննչական վարչության գործընկերների հետ իրականացրին բազմաբնույթ միջոցառումներ և պարզեցին, որ հանցագործությունը կատարել է Արենի գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հայտնաբերվել է ու խոստովանել արարքը:

Վայքի ոստիկանները ակտիվ պայքար են մղում նաև ապօրինի որսի դեմ՝ պարբերաբար իրականացնելով ստուգայց-շրջագայություններ: Օրեր առաջ էլ նրանք ապօրինի ձկնորսության կասկածանքով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վայքեցի երկու տղամարդիկ, մեքենայով հանդերձ, բերվել են բաժին: Մեքենայում կարմրախայտեր կային, ճտքավոր կոշիկներ, մարտկոց և այլն: Պարզվեց, որ տղամարդիկ ձկները որսացել են էլեկտրահարման եղանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բնության պահպանությանն ուղղված ոստիկանական միջոցառումները շարունակվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: