Ավիավառելիքի շուկայում մենաշնորհը պահպանվում է

Ավիավառելիքի շուկայում մենաշնորհը պահպանվում է
Ավիավառելիքի շուկայում մենաշնորհը պահպանվում է

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության սկզբից տնտեսության զարգացման առաջնահերթություն էր սահմանել զբոսաշրջությունը։

Կառավարության 2018 թ. ծրագրում զբոսաշրջության զարգացման տեսակետից կարևորվել էր ավիատոմսերի գների անկմանն ուղղված ջանքերի գործադրումը և հատկապես` ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված հակամենաշնորհային միջոցառումների իրականացումը։

Սակայն կառավարության 2019 թ. ծրագրում ավիավառելիքի շուկայի ազատականացմանն ուղղված միջոցառումների մասին նախորդ ծրագրում տեղ գտած խոստումներն այլևս ներառված չեն։

Արդյո՞ք ավիավառելիքի շուկան արդեն ազատականացված է

2017 թ. Հայաստան ավիավառելիք է ներմուծել հինգ կազմակերպություն՝ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, «Մաքսհուր»ՍՊԸ-ն, «Կամօյլ» ՍՊԸ-ն և «Մաքս օիլ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունները միասին ներմուծել են ավելի քան 55 հազար տոննա ավիավառելիք։

Փորձենք հասկանալ, թե ում են պատկանում այս ընկերությունները, բացի, բնականաբար, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն  2001 թ․-ից պատկանում է արգենտինահայ մեծահարուստ, գործարար Էդուարդո Էռնեկյանին։

Ինչ վերաբերում է մյուս երեք ընկերությանը, ապա ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, «Մաքսհուր» ՍՊԸ-ի 100% բաժնետերը 2011-ից Հարություն Կարոյի Փամբուկյանն է։ Հարություն Կարոյի Փամբուկյանը եղել է ՀՀԿ կուսակցության անդամ, 1999-2012 թթ.` ԱԺ պատգամավոր։

Վերջինս հանդիսանում է նաև 2017 թ. հուլիսին գրանցված «Մաքս օիլ» ՍՊԸ-ի 100% բաժնետերը։

Հատկանշական է, որ 2017 թ․ հունիսին «Մաքսհուր» ՍՊԸ-ն դադարեցրել է ավիավառելիքի ներմուծումը և անմիջապես շուկա է մտել «Մաքս օիլ» ՍՊԸ-ն։

Ինչ վերաբերում է ներմուծող մյուս կազմակերպությանը՝ «Կամօյլ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը գրանցվել է 2002 թ․ հունիսին, և ընկերության 100% բաժնեմասը պատկանում է 57-ամյա Կամո Ռևիկի Մելքոնյանին։

Կամո Ռևիկի Մելքոնյանը 2017-ից հանդիսանում է նաև Փամբուկյանի «Մաքս օիլ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը։

Այսինքն՝ ավիավառելիք ներմուծող հինգ կազմակերպությունից երեքն ուղղակիորեն փոխկապակցված են միմյանց հետ և կապվում են Հարություն Կարոյի Փամբուկյանի հետ։

Ի՞նչ է փոխվել 2018թ.

Դեռևս 2017 թ. կեսին շուկայից դուրս է եկել «Մաքսհուր» ՍՊԸ-ն։ Այսպիսով, 2018 թ․ ավիավառելիք են ներմուծել մյուս չորս ընկերությունները, իսկ նոր ներմուծողներ չեն հայտնվել։

Փաստորեն, շուկայի ազատականացմանն ուղղված քայլերն արդյունք չեն տվել։

Նոր խաղացողներ չեն հայտնվել, իսկ ներմուծողներից երկուսն անուղղակիորեն պատկանում են մեկ մարդու։ Բացի այդ, հարկ է նշել, որ ավիավառելիքի գինը բարձրացել է։

Սևադա Ղազարյան

www.Fip.am