Մանիպուլյացիա և ապատեղեկատվություն՝ Արմեն Աշոտյանի կողմից

Մանիպուլյացիա և ապատեղեկատվություն՝ Արմեն Աշոտյանի կողմից
Մանիպուլյացիա և ապատեղեկատվություն՝ Արմեն Աշոտյանի կողմից

TV 5 ալիքի եթերում մայիսի 20-ին Ագնեսա Խամոյանը հյուրընկալել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։ Քննարկման թեման դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչն էր և մայիսի 20-ին տեղի ունեցած գործողությունները։ Արմեն Աշոտյանը հարցազրույցի ընթացքում մի շարք մանիպուլյացիաներ է իրականացրել։

Իշխանության ճյուղերը «կուլ տալու» մասին

Խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը արգելափակելու կոչի մասին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ անցած տարի մայիսին «Փաշինյանը կուլ տվեց գործադիր իշխանությունը և դարձավ երկրի վարչապետ, դեկտեմբերին նա կուլ տվեց Ազգային ժողովը, այս ընթացքում փորձում էր կուլ տալ նաև իշխանության չորրորդ ճյուղը՝ մամուլը, իսկ երեկ Նիկոլ Փաշինյանը որոշել էր նաև գրոհ կազմակերպել իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության հանդեպ»։

Ինչ վերաբերում է գործադիր և օրենսդիր իշխանությունները «կուլ տալուն», պետք է փաստենք, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ Ազգային ժողովում։ Քվեարկեցին ինչպես «Ելք», «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ խմբակցությունները, այնպես էլ Հանրապետական կուսակցության մի շարք պատգամավորներ։ Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում էլ Փաշինյանը և իր թիմը ստացել էին ավելի քան 70 % ձայն։ Այս ընտրությունների լեգիտիմությունը փաստել են ոչ միայն տեղական, այլև միջազգային կազմակերպությունները։  

«Մամուլը կուլ տալու» առումով նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության՝ 2019-ին հրապարակված զեկույցի համաձայն, Հայաստանը 2018 թ. մամուլի ազատության ոլորտում միանգամից 19 կետով բարելավել է դիրքերը աշխարհի 180 երկրների շարքում։  Բացի այդ, հետհեղափոխական Հայաստանում մեդիայի դաշտում տեղի ունեցան գործընթացներ, որոնք դժվար է մեկնաբանել որպես Փաշինյանի կողմից մամուլը կուլ տալուն ուղղված քայլեր։ Օրինակ՝ հեղափոխությունից հետո «Արարատ» հեռուստաընկերությունն անվանափոխվեց TV 5։ Փոխվեցին նաև հեռուստաընկերության բաժնետերերը։ 2018 թ. օգոստոսից TV 5-ի 100 տոկոս բաժնետեր դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր Արմեն Թավադյանը։ Վերջինս մայիսի 14-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դիմաց աջակցում էր Ռոբերտ Քոչարյանին։

Արմեն Թավադյանը 2018 թ. հոկտեմբերից հանդիսանում է նաև «Պանորամա էյէմ» ՍՊԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Այս ՍՊԸ-ի մաս է կազմում panorama.am լրատվական կայքը։

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ  Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանն ամիսներ առաջ հիմնադրեցին«Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք բերեց «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշների ներքո:  

Այս վերադասավորումները վկայում են, որ մեդիայում տեղի ունեցած փոփոխությունները ոչ թե ի օգուտ Փաշինյանի են, այլ հակառակը՝ պատկանում են նրա ընդդիմախոսներին։

Արգելափակմանը մասնակցած քաղաքացիների թվի մասին

ՀՀԿ փոխխոսնակն աղավաղում է նաև դատարանների փակմանը մասնակցած ցուցարարների մասին «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի տարածած տեղեկատվությունը։

«․․․Նիկոլ Փաշինյանը ապալեգիտիմացրեց սեփական իշխանությունը, որովհետև նա սովոր է կուրծք ծեծել՝ ասելով, որ ունի հազարավոր աջակիցներ, բայց, ըստ նույն այդ Նիկոլ Փաշինյանի աջակից Դանիել Իոաննիսյանի, 1100 հոգի էին ընդամենը՝ ողջ հանրապետությունով մեկ»։

Պետք է նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիտարկել էր միայն Երևանի տարածքում արգելափակված դատարանները և հաշվել միայն այդ դատարանների մոտ հավաքված քաղաքացիներին։ Ըստ այդմ, ՀԿ-ի ներկայացրած տվյալները վերաբերում են բացառապես Երևան քաղաքին՝ ժամը 10։00-ի դրությամբ։ Արմեն Աշոտյանը, հետևաբար, իր խոսքում խեղաթյուրել է ՀԿ տվյալները՝ ներկայացնելով դրանք իբրև ՀՀ ամբողջ տարածքում իրականացված ակցիայի արդյունքներ։

Հակասահմանադրական գործունեության մասին

Արմեն Աշոտյանը եթերում մի քանի անգամ նշեց, որ Փաշինյանի արած քայլերը եղել են հակասահմանադրական՝ հիշելով նաև նախորդ տարի հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը շրջափակելը։

Fip.am-ը մայիսի 21-ին անդրադարձել է ակցիայի իրավական կողմին և արձանագրել, որ դատարանների  շրջափակումը չի եղել սահմանադրական կարգի տապալմանը սպառնացող գործընթաց,  ինչի մասին նշված էր ՀՀԿ-ի տարածած հայտարարությունում։ Մենք նշել էինք, որ օրենսդրական տեսանկյունից միայն եղել է «Հավաքների ազատության մասին» օրենքով սահմանված դրույթներից հոդված 19-ի 3-րդ կետի խախտում, այն է ՝ « ․․․արգելվում է այն հավաքը, որն անցկացվելու է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը»։ Եվ այս  դրույթի չկիրառումը վարչական իրավախախտում է։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am