Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ 2 պայմանագրային զինծառայող․ Արցախի ՊՆ

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։

Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը։

Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։