Ուկրաինայի նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են իրավիճակը Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Լվովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը և մթերային գործարքի համակարգման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ուկրաինայի նախագահը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ Լվովում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ և պայմանավորվել է շարունակել հացահատիկային նախաձեռնության իրագործման համակարգումը, նաև քննարկվել են դրա զարգացման հնարավոր ուղղությունները:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նաև քննարկվել է իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ: Զելենսկին կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը «ապահովել այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը»:

Նախորդ օրը՝ օգոստոսի 17-ին, լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել էին բազմակողմ համաձայնագրեր ռուսական արտադրության մթերքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ:

Համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: