Այսօրվա անկախության համար մենք չափազանց թանկ գին ենք վճարել. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առթիվ: 32 տարի առաջ հենց այս օրը դրվեց մեր պետության՝ դեպի բաղձալի անկախություն տանող ճանապարհի սկիզբը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով տրվեց անկախ պետականություն ու հայրենիք ունենալու մեր ժողովրդի երազանքի իրագործման մեկնարկը, իսկ արդեն 1991 թվականի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվեի ժամանակ համայն հայ ժողովուրդը «ԱՅՈ» ասաց և դրեց մեր նորանկախ պետության հիմքը:

Այս տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, ցավոք այսօր էլ մեր պետությունը կանգնած է փորձությունների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել բացառապես համընդհանուր միասնականությամբ ու ազգային համախմբվածությամբ:

Այսօրվա անկախության համար մենք չափազանց թանկ գին ենք վճարել և բարոյական իրավունք չունենք ընկրկելու մեր անկախ պետականության ամբողջականությունը պահպանելու մեզ ժառանգած պարտականությունից:

Վստահ եմ, որ ազգային համախմբվածությամբ ու միասնականությամբ մենք դիմանալու ենք բոլոր դժվարություններին, փորձություններին ու հարվածներին և միահամուռ ջանքերով ստեղծելու ենք ուժեղ, զարգացող, համերաշխ, բարգավաճող ու ժամանակակից Հայաստան: Սա հավասարապես բոլորորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է և անելիք ունենք բոլորս: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: