Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է. Factor

Factor.am-ը հայտնել էր՝ որ այս գիշեր կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արամուս բնակավայրում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 47-ամյա տղամարդ։ Համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ միջադեպի մասնակիցներից է նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Factor.am-ը փորձել էր կապ հաստատել նրա հետ, նա, սակայն, զանգերն անպատասխան էր թողել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործի շրջանակներում կա ձերբակալված ու Քննչական մարմին ներկայացված անձ։

Factor․am-ի տեղեկություններով ձերբակալվածը Տիրան Խաչատրյանն է։   Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ  կետով։ Կատարվում է նախաքննություն։ Կա տուժած անձ։ Այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ նախաքննության շահերից ելնելով»,- ասաց նա։ Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմասուս գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ կես ժամ անց Աբովյանի բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հիվանդանոց է տեղափոխվել 1977 թվականին ծնված մի տղամարդ։

Աբովյանի ԲԿ տնօրեն Վարդան Մինասյանը Factor.am-ին հայտնեց, որ նախնական տեղեկություններով քաղաքացին հրազենային վիրավորում է ստացել։ Հիվանդը տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։