«Մարդը սկսում է մտածել սեփական կոմֆորտի մասին, երբ առաքելության գիտակցումը սպառվում է»․ Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ինչպե՞ս եք գնահատում Կառավարության որոշումը, ըստ որի ԱԺ-ին թույլատրել է Ազգային ժողովի նախագահի համար նոր ծառայողական մեքենա ձեռք բերել 200.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։

– Ոչ այնքան կոռեկտ բառ կա՝ «հաբռգածություն», այս բառը բացարձակ գնահատական է տալիս այն ենթամշակույթին, որով առաջնորդվում է մարդը հազար ու մի խնդիր ունեցող երկրում տասը տարեկան մեքենան նոր BMW-ով փոխելիս՝ մեր հաշվին։

– Սա միայն մեկ անձի, տվյալ դեպքում՝ Ալեն Սիմոնյանի կրած ենթամշակույթի՞ խնդիրն է, թե՞ համակարգային խնդրի հետ գործ ունենք։

– Այդ որոշումը կայացնելիս Նիկոլ Փաշինյանը հարցրել է, թե ովքեր են կողմ այդ որոշմանը, ու մոտավորապես 15 հոգի տվել է իր համաձայնությունը, ու յուրաքանչյուրն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։ Ավելին՝ ենթադրում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը երազում է, որ մի օր հերթն իրենց էլ կհասնի։

– Պարո՛ն Նահապետյան, ինչո՞վ եք բացատրում արժեհամակարգի փոփոխությունը, սեփական հայտարարություններին դեմ գնալը, երբ նույն Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին խորհրդարանի ամբիոնից դեմ էր արտահայտվում ծառայողական մեքենաների ինստիտուտին ու Հայաստանը բնորոշում՝որպես պադավատապետություն։ Ինչո՞ւ հեղափոխական իշխանությունը գնաց այն ճանապարհով, ինչը մերժելի էր համարում։

– Պատճառը տեղի չունեցած փոփոխություններն են։ Համակարգերն ունեն իրենց դինամիկան, համակարգը մեքենա է, որն աշխատում է անալոգային օրենքներով, ինչը ենթադրում է, որ երբ դու համակարգի միջից հանում ես այն բովանդակությունը, որը նախկինում եղել է, ու նորը չես լցնում, համակարգը մտնում է ինքնավերականգնման գործընթացի մեջ ու լցվում իրեն ծանոթ, նախկինում գոյություն ունեցող բովանդակությամբ։ Պարզ ֆիզիկայի օրենք է․ համակարգը վերարտադրում է իր բոլոր ավանդույթները, որովհետև եկողները նոր բան չեն ստեղծում։

– Եթե այս որոշումը չկայացվեր հիմա, երբ բոլորին է հայտնի, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը սոցիալական առումով, կարծում եք հասարակական արձագանքը ա՞յլ էր լինելու այս հարցի վերաբերյալ։

– Գուցե այլ կերպ լիներ, բայց անձամբ ես երբեք գյոռմամիշությանը նորմալ չեմ վերաբերվել, եթե մարդն աթոռին նստած սկսում է մտածել, որ իր գոյություն ունեցող մեքենան լավը չէ, ու նորն է պետք, այդ մարդու թոշակի գնալու ժամանակն է։

Ես եղել եմ պետական ծառայող ու գիտեմ՝ մարդը սկսում է մտածել սեփական կոմֆորտի մասին, երբ առաքելության գիտակցումը սպառվում է։

– Ֆեյսբուքյան գրառում եք արել ու մարդկանց հորդորում եք միանալ #ԱլենԹքելԵս հեշթեգով ֆլեշմոբին, կխնդրեմ ասեք՝ ո՞րն է նման ակցիայի նպատակը, ու դուք անձամբ անելո՞ւ եք այն, ինչ խորհուրդ եք տալիս մարդկանց։

– Դա նախաձեռնություն չէ, որը ես պրոպագանդելու եմ ու առաջ տանեմ: Դա անհնազանդության, դիմադրություն ցույց տալու մի տարբերակ է, որը ներկայացրել եմ։ Այդ մարդն իմացել է, չէ՞, ո՛նց է ընկալվելու այդ որոշումը, և եթե իմանալով հանդերձ թույլ է տվել, որ այդ գործընթացն իրականություն դառնա, նշանակում է, երբ իր մեջ հարց է ծագել՝ իսկ մարդիկ ի՛նչ կասեն, պատասխանը եղել է՝ թքած ունեմ: Եթե ինքը թքած ունի, թե մարդիկ ինչ կասեն, այդ մարդիկ պետք է թքած ունենան նրա վարած մեքենայի վրա։

Այդ մարդուն, ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ իր աշխատասենյակից ու մեքենայից դուրս վռնդելու, ու, հաշվի առնելով այն իրավիճակը, որ մենք, փաստորեն, գերի ենք ընկել, մեր վզին մարդիկ են փաթաթվել իրենց քմահաճույքներով, որոնց դեմ ոչ մի պրագմատիկ հակաքայլ չունենք, պետք է դրան դիմադրենք այլ հոգեբանական միջոցներով, որոնցից մեկը նվաստացումն է, ու պետք է կիրառել։

Իմ մասով՝ այո՛, այս պահին ես հոգեբանորեն պատրաստ եմ դա անել, դա կարող է գռեհիկ լինել, բայց հաստատ այնքան գռեհիկ չէ, որքան պատերազմական երկրում 90 միլիոն դրամանոց մեքենա գնելը։

Գիտեմ, որ այս պայքարի մեջ նեգատիվը շատանալու է, անելու եմ ոչ դրական բաներ, բայց նման փորձ մինչև 2018 թվականն ունեցել եմ, որ նեգատիվի միջոցով գործընթացը հասնում է հաջողության, ու ես իմ մեջ կարողանում եմ պահպանել դրականն ու կառուցողականը։

– Ասում եք, որ Ալեն Սիմոնյանը թքած ունի մարդկանց կարծիքի վրա, իսկ գուցե նա այդ հարցն իրեն չի՞ էլ տվել, որովհետև կարծում է, որ հասարակությունը դեմ չի լինելու, ու գտնում է, թե ինքն արժանի է դրան։

– Անկախ ամեն ինչից՝ վստահ եմ, որ ներքուստ իմացել է, թե մարդիկ ինչպես կարձագանքեն, բայց եթե չի հասկացել, ապա իր խնդիրն է, ուրեմն մասնագիտական աջակցության կարիք ունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am