«Իշխանափոխության գործընթացը մեկնարկել է, և դրա մեկնարկը տվել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը

Պարո՛ն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ ուշ գիշերին հանրահավաքները Երևանում, ինչպես նաև Արցախում։

– Իշխանափոխության գործընթացը մեկնարկել է։ Մնացածը տեխնիկայի և ժամանակի հարց է։

Ընդհանրապես Փաշինյանի ելույթում հնչեցրած մտքերը, մասնավորապես Արցախի իշխանություններին ուղղված, ինչի մասին էին խոսում։ Հատկապես թե՛ նախագահի, թե՛ ԱԺ նախագահի հայտարարությունները։ Արդյոք հակասությունը երկու երկրների պաշտոնյաների միջև ավելի՞ է խորանում։

– Ես չեմ կարող խորքային գնահատական տալ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններին։ Պարկեշտությունը և անաչառությունը պահանջում են զսպվածություն ցուցաբերել։ Կարող եմ միայն ասել, որ, ցավոք սրտի, Ստեփանակերտում չկա պատմական իրավիճակի քաղաքական ընկալում, և դրանից էլ ածանցվում է անպատասխանատվությունը։

Եթե մեր մակարդակն այն է, որ պայմանագրի տապալումը, ձախողումը, հետաձգումը համարում ենք հաջողություն, ապա ես ասելիք չունեմ, բացի մի բանից՝ մեզ սպասում են ավելի լուրջ, թերևս՝ արդեն իրոք էքզիստենցիալ փորձություններ։

– Հանրահավաքները Հայաստանում շարունակվելու են նաև այսօր։ Որքանո՞վ են փոխկապակցված գործողությունները Հայաստանում և Արցախում հանրահավաքի կազմակերպիչների։

– Լիովին փոխկապակցված են՝ բոլոր առումներով։

– Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ի արձագանքը։ Արդյոք այդ կառույցից դուրս գալու հարցը պե՞տք է լինի իշխանությունների սեղանին։

– ՀԱՊԿ գոյություն չունի։ Անդամ պետությունների մի մասն այնտեղ է, որպեսզի պաշտպանվի Ռուսաստանից։ Հիմա իրավիճակ է փոխվել, Ռուսաստանն այլևս այն չէ, ինչ թվում էր ոմանց։

Պարո՛ն Աթանեսյան, ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։ Ընդհանրապես ի՞նչ կարող ենք ակնկալել վաղը Պուտին-Ալիև բանակցություններից։

– Ակնկալիք պետք է ունենալ միայն Հայաստան-Ադրբեջան ուղղակի բանակցություններից։

– Ինչպե՞ս են հնարավոր ուղղակի բանակցություններ այս փուլում։ Իրատեսակա՞ն է արդյոք ուղղակի բանակցություն այս փուլում։

– Իսկ ի՞նչն է իրատեսական։ Ագրեսիայի ծավալո՞ւմը, Հայաստանի արդեն բնակավայրերի օկուպացիա՞ն, բնակչության տարհանո՞ւմը, բռնագա՞ղթը։ Սա՞ են ուզում։

– Ստեղծված իրավիճակում ելքը ո՞րն է։

– Արդեն ասացի՝ ուղղակի բանակցություններ, միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, դեէսկալացիա։ Մնացածը՝ հետո։

– Պարո՛ն Աթանեսյան, նշում եք, որ իշխանափոխության գործընթացը մեկնարկել է։ Արդյոք այս հանրահավաքնե՞րն են տվել դրա մեկնարկը։

– Ո՛չ, իշխանափոխության մեկնարկը տվել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

– Երեկվա ելույթո՞վ։

– Վերջին շրջանի իր հակասական ելույթներով, աշխարհաքաղաքական բևեռների միջև անորոշ խուսանավումներով, ՔՊ-ական դիլետանտ պատգամավորների անհոդաբաշխ հարցազրույցներով, Ստեփանակերտի հետ երկխոսության խաթարումով․․․ Կարելի է թվարկումը շարունակել։

– Հնչում է միտք՝ իսկ ո՞վ է գալու հետո, այս ընդդիմությո՞ւնը։

– Իսկ դա ընդդիմությո՞ւն է, թե իշխանության կրեատուրա՞։ Իմ տպավորությամբ՝ Հայաստանում ոչ թե իշխանափոխություն, այլ իշխանության փոխանցում կլինի։ Բայց ոչ այս փուլում։

– Նկատի ունեք որևէ պայմանագրի ստորագրումից հետո՞։

– Չեմ կարող ասել։ Դա էլ՝ հաջորդ հարցազրույցին։

Մանե Հարությունյան

MediaLab.am