24 մլն դրամ վճարելու դեպքում հնարավոր կլինի վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ՊՆ նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների ու լրացումնեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է, որ միջինը 4.5 ամիս պարտադիր զինծառայություն անցած զինծառայողը ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում վաղաժամկետ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

«Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է», -ասվում է պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծում:

Բացի այդ, նշվում է, որ այդ ծրագրի արդյունքում որոշակի գործառույթներ ունեցող  պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու նրանց համար լրավճարների սահմանման համակարգ կներդրվի: