Վահրամ Դումանյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում չեմպիոն և փոխչեմպիոն դարձած մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ Հայկ Նազարյանն ու Սամվել Գալստյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ մարմնամարզիկների վերջին հաջողությունները շատ ոգևորիչ են.

«Շնորհավորում եմ ձեզ: Շատ ուրախ և հպարտ եմ ձեր նվաճումների առթիվ: Դրանք շատ ոգևորիչ են հատկապես հիմա, երբ մենք որդեգրել ենք այսուհետ հաղթանակների ուղիով շարժվելու ծրագիր: Սպորտն այն ասպարեզն է, որտեղ այդ հաղթանակներն առավել հանրային են, ոգևորիչ և տպավորիչ: Փառք ու պատիվ ձեզ: Շնորհակալ եմ: Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք գործադրել այս հաղթանակների համար՝ ձեր կյանքի մեծ մասը նվիրելով սպորտին: Վստա՛հ եղեք՝ Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում և ավելին պատրաստ է ծառայել այն գործին, որը կնպաստի ձեր հետագա հաղթանակների արձանագրմանը»:

Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականն արդեն իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում, և ուրախալի է այն հանգամանքը, որ նմանօրինակ խոշոր մրցաշարերին արդեն կարողանում ենք թիմային մասնակցություն ապահովել.

«Վերջապես ձևավորվել է հավաքական, որը մեր շատ ավանդույթներ ունեցող մարզաձևում իր ուրույն տեղն է գրավել համաշխարհային սպորտում, և արդեն թիմով ենք մասնակցում այն մրցումներին, որոնց ժամանակին երազում էինք գոնե մեկ մասնակից ունենալ:

Շնորհակալ եմ ամբողջ թիմին՝ ի դեմս գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի, որ կարողացել է այսպիսի ուժեղ թիմ պատրաստել: Անչափ ուրախացել եմ Հարություն Մերդինյանի համար: 1998 թվականին՝ 24 տարի առաջ, Հարությունը Մոսկվայում առաջին անգամ մասնակցեց համաշխարհային պատանեկան խաղերին: Բնավորություն ու կամք է պետք այսքան երկար այս բարդ մարզաձևում մնալու համար: Մյուս մարզիկներին ևս շնորհավորում եմ ու հպարտ եմ նմանօրինակ արդյունքների համար: Խնդրանքս է՝ նույն հետևողականությամբ պատրաստվենք արդեն հաջորդ տարվա մրցումներին, քանի որ դրանք վարկանիշային են Փարիզի օլիմպիական խաղերի համար»:

Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ ընդգծել է՝ քրտնաջան մարզումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով.

«Շատ ուրախալի է՝ այդ ողջ ընթացքում մենք լիարժեք զգում ենք ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության աջակցությունը: Այդ ամենը խթանում է, որ մենք մեծ հաջողություններ ունենանք»:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի անդամները պատմել են իրենց տպավորությունների մասին, բարձր գնահատել մասնակցությունը Եվրոպայի առաջնությանն ու խոսել նաև առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսն էլ նվաճել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ հենացատկից:

Երիտասարդ մարմնամարզիկներն էլ Արտակ Այդինյանի գլխավորությամբ 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել: Եվրոպայի չեմպիոն է դարձել Էրիկ Բաղդասարյանը՝ ոսկե մեդալ նվաճելով զուգափայտից, իսկ Համլետ Մանուկյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Մանուկյանը երկու արծաթե մեդալ է նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններից։