Ընդդիմությունն ունի գործողությունների հստակ ծրագիր. Վարդևանյանը` փողոցային պայքարի մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը փողոցային պայքարի մասով ունի հստակ գործողությունների ծրագիր, որը առաջիկայում կներկայացնեն: «Խնդրում եմ, որպեսզի մեր հայրենակիցները այդ իմաստով փոքր ինչ համբերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:

Պատգամավորը կարևորեց ապակենտրոն գործողությունները և ցանցային պայքարը: «Կարծում եմ, որ մեր հայրենակիցների այն խումբը, ովքեր ունեին վերապահումներ, հիասթափված էին, այդ իրավիճակից դուրս են գալու»,- նշեց Վարդևանյանը:

Պատգամավորն ասաց, որ այս գործողությունները ունեն ժամկետներ, սակայն այլ փակագծեր չբացեց:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17 ին ազդարարել էր ընդդիմության փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Վանեցյանը գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ չի հեռանալու Ազատության հրապարակից՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ: