ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվել են պաշտպանողական օպերացիայի  թեմայով համատեղ շտաբային մարզումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ օգոստոսի 23-ից 25-ն անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության գնահատման, զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների նախապատրաստման և անցկացման, պաշտպանողական օպերացիաների պլանավորման և ղեկավարման կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:  

Ամփոփելով մարզման արդյունքները՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունն ու մարտունակությունը, տվել համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների հրամանատարներին: