Արջի քոթոթը փրկվել է որսագողերի կողմից տեղադրված թակարդից. FPWC

Օգոստոսի 28-ին, ժամը 10:15 Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC) ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և Վայոց ձորի բնապահպանական տեսչական մարմնից առ այն, որ արջի ճիչեր են լսվում Վայոց ձորի Եղեգիս համայնքում և, ըստ նախնական տվյալների, արջը հայտնվել էր թակարդի մեջ:Այս մասին  տեղեկացնում են FPWC-ից։

«Անհապաղ միջոցներ ձեռնարկվեցին, հիմնադրամի յոթ աշխատակիցներ եղան դեպքի վայրում, որտեղ աշխատակիցներին միացան ԱԻՆ-ի փրկարարար ծառայության, Տեսչական մարմնի, ոստիկանության աշխատակիցները։ Արջի 7 ամսական քոթոթը խեղդվում էր պարանոցի շրջանում փաթաթված մալուխի հետևանքով:

Նույն տարածքում հայտնաբերվեցին 5 այլ տարբեր տրամաչափերի մալուխներ տեղադրված որսագողերի կողմից: Նախնական դրոնով զննում իրականացնելուց և քնեցնելուց հետո՝ արջին տեղափոխել են ապահով տեղամաս: Հետսրսկումից անմիջապես 5 րոպե հետո քոթոթը վազեց սարն ի վեր: «7-8 ամսական արջուկ էր, արվել է նաև կատաղության դեմ պատվաստում։ Չնայած արգելքին՝ այս տարածքում իրականացվում է ապօրինի որս։

Պետք է ասեմ, որ նույն կիրճում արջի սպանության 3-4 տարբեր դեպքեր են եղե միայն վերջին 2 տարիներին, ինչը չափազանց մտահոգիչ է։ Ուրախ եմ, որ կարողացանք փրկել այս քոթոթին»,-նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը»,- ասված է հաղորդագրությունում։