Փաշինյանը հակասում է իրեն. Պուտինի հետ հանդիպում նախատեսված եղել է. FIP

Փաշինյանը հակասում է իրեն. Պուտինի հետ հանդիպում նախատեսված եղել է. FIP
Փաշինյանը հակասում է իրեն. Պուտինի հետ հանդիպում նախատեսված եղել է. FIP

Երեկ՝ մայիսի 29-ին, ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպումը չի կայացել։ Վարչապետ Փաշինյանը Ղազախստանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ, իր հերթին, ասել էր, որ օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են։

«Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես, հայտարարել էր Վլադիմիր Կարապետյանը։

Ուշագրավ է, սակայն, որ մայիսի 29-ին Նուր-Սուլթանում Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռևս ապրիլի 19-ին հայտարարել էր (տեսանյութ՝ 1:40-1:50) ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Դրա մասին մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նաև հենց ինքը՝ Փաշինյանը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որի լրագրողը ներկա էր եղել հանդիպմանը, փոխանցել էր Փաշինյան խոսքը, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին:

Fip.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվեց պատասխանել Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հարցերին` կոչ անելով կապ հաստատել Վլադիմիր Կարապետյանի հետ։

Այսպիսով, Փաշինյանի երեկվա հայտարարությունը հակասում է ինչպես իր, այնպես էլ Վալենտինա Մատվիենկոյի արած նախկին հայտարարություններին։

Լրացում. Քիչ առաջ Fip.am-ի հետ կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինս նշեց, որ Նուր-Սուլթանում կայացել է Պուտին-Փաշինյան ոչ պաշտոնական երկու հանդիպում։ Իսկ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ին։

Fip.am-ը կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հետ Նուր-Սուլթան մեկնած, Factor.am-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ։ Վերջինիս խոսքով, վարչապետը հայ լրագրողների հետ զրույցում նշել է միայն, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումների մասին Փաշինյանը լրագրողներին չի ասել։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am