Ագրեսորը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ ագրեսորը՝ ադրբեջանական ուժերը, Հայաստանի տարածքից պետք է դուրս գան, քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն  այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ դիրքային որոշ կորուստներից այսօր հետ բերվե՞լ են կորսված դիրքեր:

Փաշինյանը չցանկացած մարտական գործողությունների նրբություններին անդրադառնալ:

«Մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես, մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է: Ագրեսորը ՀՀ-ի տարածքից պետք է դուրս գա: Հայաստանի տարածքն այն տարածքն է, որի վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախություն, դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է: Եթե Ադրբեջանն այդ գիծը չի ճանաչում, սա այլ հարց է»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև շեշտեց, որ զինվորները, կամավորականներն առյուծի նման կռիվ են տալիս: Նա ՀՀ-ի, ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասեց բոլոր այն մարդկանց, որոնք զենքը ձեռքին պաշտպանում են հայրենիքի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: