Նոյեմբերի 11-ին սոցցանցերում և լրատվամիջոցներում շրջանառվեց տեղեկություն, ըստ որի՝ Ֆրանսիան բարձրացրել է Հադրութի և Լեռնային Ղարաբաղի մաս կազմող այլ բնակավայրերի հարցը:
Որոշ օգտատերեր նաև տարածում էին տեղեկություն, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն որպես Մինսկի խմբի համանախագահներ «պահանջել են անհապաղ վերսկսել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները և վերականգնել Արցախի տարածքային ամբողջականությունը՝ ազատել Հադրութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի զավթված շրջանները»:
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է Ֆրանսիայի կողմից հրապարակված պաշտոնական հայտարարությունները՝ պարզելու, թե արդյո՞ք տարածվող տեղեկությունը ճիշտ է, թե՞ ոչ:
Իրականում, սակայն, Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան դեռևս ուսումնասիրում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը:
Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար:
«Հանրապետության նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- նշվում էր փաստաթղթում:
Ֆրանսիան նաև խստորեն պահանջել է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը:
Հաղորդվել է նաև Հայաստանին հումանիտար աջակցություն տրամադրելու ծրագրերի մասին:
Բացի սա, հաղորդագրություն է տարածել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ այդ հայտարարության՝ Ֆրանսիան ուսումնասիրում է նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության չափանիշներն ու հետևանքները: Ֆրանսիան կրկին պահանջում է, որ Թուրքիան չանի ոչինչ, ինչը կհակասի հրադադարի պահպանման գերակա նպատակին:
«Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար բարեկամությունը հայ ժողովրդի հետ՝ հաշվի առնելով մարդկային, մշակութային և պատմական կապերի սերտությունը: Այս դրամատիկ համատեքստում մենք նրա կողքին ենք: Մասնավորապես, մենք կապահովենք անհրաժեշտ մարդասիրական աջակցության տրամադրումը»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ տեքստում:
Վերջում Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը կարևորել է հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը՝ հայտարարված հրադադարի համաձայնագրից բացի: «Ֆրանսիան այդտեղ իր լիարժեք դերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք, մասնավորապես, պետք է թույլ տան ապահովել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և սահմանել Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը»,- ասվել է հաղորդագրությունում:
Փաստացի, Ֆրանսիան որևէ կոնկրետ բնակավայրի կամ շրջանի մասին չի խոսել, այլ միայն բարձրացրել է տեղահանված բնակիչների իրավունքների, Հայաստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու և ԼՂ հետագա կարգավիճակի հարցերը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այդ երկիրը երեք երկրների միջև նոյեմբերի 10-ին ձեռք բերված որոշման մասին դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Այսպիսով, տարածվող տեղեկությունները, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն պահանջել են հետ վերադարձնել հայկական կողմին Հադրութը, Մարտունին, Շուշին և ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներ, չի համապատասխանում իրականությանը:
Լուսինե Ոսկանյան
Fip.am