Պատրաստ ենք աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ, որի շրջանակում կողմերը փաստել են Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են:

Այս մասին ՀՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել: 

Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը:

«Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին:

«Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հարցում»,-ասել է ԱԳ նախարարը:

Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև՝ իրավիճակն Արևելյան Եվրոպայում: